Thursday, October 28, 2010

Հասարակությունն ավելի աղանդային է, քան աղանդները

Կյանքը, ամեն ինչից զատ, նաև հետաքրքիր է. իհարկե, ծիծաղելի է հնչում։ Բայց այն իրոք հետաքրքիր է, եթե հետաքրքրի բառի մեջ յուրահատուկ իմաստ կամ նշանակություն կամ բովանդակություն ես դնում ու այն սահմանափակում նոր բան հայտնագործելու երախայական, կամ երևույթները, իրողությունները այլ կերպ ընկալելու ստեղծագործական հրճվանքի հետ։ Ահա երբեմն այսպես հետաքրքիր է նաև կյանքը։

«Կապիտալին» հրաժեշտ տալուց հետո, իհարկե, չէի մտածում, որ խզվում է ամեն ինչ լրագրության հետ ու էլ չեմ բարկանա լրագրության վրա ու սրտիս մոտ չեմ ընդունի լրագրությունը։ Իսկ այդպես լինում է, երբ ջանում ես մի բան լավ, հնարավորինս լավ ու մանրակրկիտ ու հավեսով ու ստեղծագործաբար ու մյուսներից տարբերվող անել։ Բայց իրականությունը, որպես կանոն, ոչ միշտ ու ոչ մեր մոտ, հակառակն է։ Ստացվում է այնպես, ինչպես ստացվում է։ Ճանապարհի կեսից երբեմն հոգնում ես նաև ինքդ, իսկ բոցավառվելու համար նոր կայծեր, նաև «բոց» իմաստով, քիչ են, եթե ոչ չկան։

Լրագրողական մի տեսակ կա, որը հետաքրքիր տեսակ է։ Կա նաև անգրագետ ու կիսագրագետ ու պատվեր կատարող, գրել չկարողացող տեսակ։ Իհարկե, այս տեսակներից կա ամենուր, չեմ բացառում նաև արաբական լեզվաբանության մեջ՝ Մ.Յ.-ն ձեզ օրինակ ։))
Լրագրությունը հետաքրքիր է նախ և առաջ իր թեզաուրուսով կամ գաղափարաբանական կամ գաղափարագրական բառարանով։ Իսկ գաղափարով տղեք, նաև աղջիկներ, այնտեղ կան, հավատացեք։

«Ինչքան տեսնենք, հանդիպենք»©։

Թեզաուրուսում չեք պատկերացնի ինչքան հետաքրքիր կոնցեպտներ կան՝ «կնդել», «ցխել», «բոչկա գլորել», «վրայով քշել» ու այսպես շարունակ։

Խոսքը, հիմա, սակայն, մեկ այլ կոնցեպտի մասին է՝ «լցնել»։ Երբ շատ ես հոգնած, ու կեսգիշերին մոտ է, ռեսուրսները նվազագույն մակարդակում են, տեղեկատվական հոսքը թույլ է, հոսք ապահովելը կամ ստեղծելը՝ արդեն անհնար, սկսում ես «լցնել» էջերը՝ տպարան պիտի ուղարկել թերթը թե ոչ։

Վիճակը ծանոթ է յուրաքանչյուր մեկին, ով երբևիցե աշխատել է լրագրության ոլորտում ու մի փոքր արդար է ինքն իր ու ընթերցողի հանդեպ՝ սա ընդունելու համար։

Կան նաև թերթեր, որոնք օգտվում են ընթերցողի բացակայությունից կամ պահանջկոտ ու կիրթ ու գրագետ ընթերցողի սակավաթվությունից ու չարաշում են ընթերցողական լսարանը։ Իհարկե, եթե ոլորտում շատ թե քիչ ընթերցողին հարգող թերթ է հայտնվում, բոլորը սկսում են կամ նվազագույնը փորձում են «թափ տալ» իրենց։

Խոսքը նաև անհատ լրագրողների մասին է, որոնք ավելի շուտ ֆուտլյար են, քան բովանդակություն։ Հայաստանյան լրագրությունն առավելապես «կպցնելոցի» ու «բջություն» է՝ ձեռքի մատների վրա հաշվել հնարավոր դեպքերը չհաշված։

Շատ ավելի վատ է, երբ միատեղվում է «լցնելը», «քշոցին» ու «մասնագիտական կիսագրագիտությունը», եթե ոչ «անգրագիտությունը»։ Հիանալի հերթական օրինակը՝ «Առավոտում» ինձ նայել հուշեցին, ես «Առավոտ» սկզբունքորեն չեմ կարդում։

Չգիտես ինչու բոլորը «Առավոտը» լրագրական ինչ-որ չափանիշ են համարում։ Կարելի է համարել, բայց Վահրամ Սահակյանը այսպիսի լրագրության համար մեկ այլ տերմին ուներ, որը բառասկզբում մեկ հավելյալ տառ էր ավելացնում։

Պիտի հարգել մասնագիտությունը կամ ոլորտը, եթե իհարկե ունակ ես ոլորտը տեսնել ու գնահատել դրսից, դուրս գալ նեղ աղանդային ու կլանային շահերի շրջանակից։

Անկեղծ, զարմանում եմ, ինչու հայաստանյան հասարակությունը տանել չի կարողանում Եհովայի վկաներին, նրանց աղանդավոր պիտակելով, այն դեպքում, երբ ամենամոլի ու ամենախոշոր աղանդը ինքն է։ Երևի սպառնալիք է զգում նրանց կողմից։

Հուշեք ինձ հասարակական մի խավ, շերտ, ոլորտ որտեղ կազմակերպման ձևը աղանդային կամ կլանային չէ։ Իրավիճակն էլ ավելի է բյուրեղանում, երբ աղանդի ներսում կամ աղանդի շուրջ հայտնվում է փող կպցնելու հնարավորություն։ Ու ամեն ինչ արդեն իր տեղն է ընկնում՝ պիտի նվազագույնը մկրտվել, հասարակության այս կամ այն կլանային աղանդում հայտնվելու համար։ Բացառություններն ավելի շուտ մարդկանց, քան միտումների տեսքով են։

Ինչու եմ հիմա այս ամենը լրագրության շուրջ գրում ...

Չորեքշբաթի իրիկուն, Մարատ
--

6 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 17:44

    "Անկեղծ, զարմանում եմ, ինչու հայաստանյան հասարակությունը տանել չի կարողանում Եհովայի վկաներին, նրանց աղանդավոր պիտակելով, այն դեպքում, երբ ամենամոլի ու ամենախոշոր աղանդը ինքն է։ Երևի սպառնալիք է զգում նրանց կողմից։ Հուշեք ինձ հասարակական մի խավ, շերտ, ոլորտ որտեղ կազմակերպման ձևը աղանդային կամ կլանային չէ". Մարատ Յավրումյան։ Ես որ հուշել չեմ կարող...

    ReplyDelete
  2. Lusine Vayachyan04 March, 2011 17:44

    ի՜նչ լավ ա, որ ես դեռ չեմ "լցնում" :)))
    շատ լավ ու դիպուկ դիտարկում ա, մերսի

    ReplyDelete
  3. դե լավ, Լուս ջան, համեստություն մի արա, բոլորս էլ "լցնում" ենք, ամեն մեկս մեր մասնագիտությունում :-) հայկական լրագրողությանը հասցեագրված քննադատությունը լիովին ընդունում եմ, Րաֆֆու խոսքերով ասած,- "Արժանի էր": ՀԱսարակոթյան նկարագրումն էլ, որպես կաղապարված "աղանդ" մասամբ ընդունելի եմ համարում: Ս.Կ.-ի նման, այս պահին ես էլ կդժվարանամ նշել որեւէ խավ, շերտ եւ այլն... (բայց դե խոստանում եմ մի լավ մտածել, ուղողիս դարմանը քամուն տալ ու միգուցե մի ոլորտ բացահայտեմ) :-)
    Սակայն, այդպես էլ չհասկացա, ինչու Մարատը սկզբունքորեն "Առավոտ" չի կարդում? :-)

    ReplyDelete
  4. Marat Yavrumyan04 March, 2011 17:46

    Ասեմ Արա ջան, ինչու սկզբունքորեն. ՀՀ տրանսպորտի նախարարի պաշտոնից ոչ իր կամոք հրաժարվեց Անդրանիկ Մանուկյանը։ Հաջորդ առավոտյան «Առավոտը» ձոն չէ անգամ, ՆԵՐԲՈՂ էր նվիրել առաջին էջում պրն Մանուկյանին ու ամբողջ առաջին էջում միայն նրա նկարն էր ու Արամի «բլոգ-խմբագրական սյունակը»։ Հասկանում եմ, ֆինանսներ պետք են, բայց ոչ պահանջկոտ ընթերցողի հաշվին։ Իսկ ընթերցողին ինչ որ բան աննկատ «կերցնել» միշտ էլ կարելի է, եթե մասնագիտական ունակությունները բավարարում են ու մի փոքր էլ մտքի թռիչք ունես։ Մեր մոտ, սովորաբար, երկուսի բացակայությունն է համատեղվում։) Իսկ Ներբողի բովանդակությունը մոտավորապես այսպիսին էր՝ «Գործից հանել մի մարդու ով իր անձնական կապերի շնորհիվ բացեց անգամ Վերին Լարսը, էլ ինչ եք ուզում այս մարդուց»։ Վերին Լարսի բացումը ինչ-ինչ, բայց հաստատ Անդրանիկ Մանուկյանից երբեք կախված չի եղել։)) Դե դրանից հետո վերաբերմունքը կտրուկ փոխվեց մասնավորապես Առավոտի ու ընդհանրապես լրագրության նկատմամբ։ Չեմ ուզում շատ գրել, որովհետև ընտիր տղեք կան այդ ոլորտում, աղջիներ նույնպես, որոնք դեռևս լրագրողական աղանդում չեն։

    ReplyDelete
  5. Beniamin Hovakimyan04 March, 2011 17:48

    Մարատ ջան.
    Ձեր դիտարկումները հետաքրքիր են: Իմ կարծիքով գրեթե բոլորս սիրում ենք լինել, ընթանալ, կռվել խմբով: Այսպես մեզ ավելի ապահով ենք զգում: Մարդը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչ հասնի այնտեղ, որտեղ որոշում են և կատարում բացարձակ ինքնուրույն:
    Մի բան էլ: Հասարակությունը տանել չի կարողանում Եհովայի վկաներին, քանի որ նրանք շատ տարբեր են իր ընդունած կողնորոշիչներից և, նաև, որովհետև Եհովայի վկաները ակտիվ քննադատում են այն արժեքները, որ հասարակությունը ընդունում է ենթագիտակցորեն: Դե սա բնական է:
    Ոչ աղանդային կամ կլանային կարող է լինել միայն մարդը: Հասարակական խավը կամ շերտը արդեն նշանակում է խումբ և խմբային հետաքրքրություններ: Դուք ասում էք կլան, բայց դա նույն խումբն է: Նման մի խումբ էլ ընտանիքն ու ազգն են: Առավել քան համոզված եմ, որ մարդը պետք է կարողանա փնտրել ոչ խմբակային շահեր:

    ReplyDelete
  6. Marat Yavrumyan04 March, 2011 17:48

    Բենիամին, ողջույն. կբանավիճեի Ձեզ հետ, բայց թեման ինքին բանավեճային չէ, այն զուտ համոզմունքային է, կարծում եմ, եթե ուզում եք՝ հավատքի նման մի բան։ Ես ինքս Եհովայի վկա չեմ ու հայ առաքելական եմ։) Համոզմունք է, որը կարելի է ընդունել կամ չընդունել, նույն Ձեր նշած կողմոնորոշիչը։ Խմբային մասով համաձայն եմ։ Կլանային մասով՝ որպես փակ ու որոշակի շահեր հետապնդող խումբ պիտի որ լինի այն, ՓԱԿ ու մուտքի օծման կամ շնորհման թույլտվություն ու հիերարխիա, երևի թե սա է որ պիտի կլան, աղանդ նայել։ Համեմատեք մեր հասարակության մեջ բազմաթիվ կոնցեպտներ՝ ես թաղայինից սկսեմ՝ լավ, վատ, բ. տղա, մեր՝ ախպեր, ընկեր, ընկեր-ախպեր, մոտիկ, քյուչի նայող, մեծ, քյոռփա, թուլա, հարիֆ ...։ Սա առայժմ պիտի որ հիմնական ցանցը լինի, որով մաղվում են գործունեության մնացած բոլոր շերտերը։ Ընդունում եմ, սա էլ է ձև հնարավոր բոլոր այլ ձևերի ցանկում։ Ես ընդդիմանում եմ Օծման կամ շնորհման կամ լիցենզավորման մեխանիզմի քյառթուության դեմ։ Այսքանը միայն, մնացած մասով լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Չնայած հասարակությունն ամբողջապես օծման տարբեր մեխանիզմների ամբողջությունն է՝ հարևանին ավելի եմ հարգում, պապայի ընկերներին նույնպես, դպրոցական ու մանկապարտեզի իմ ընկերներին նույնպես, իսկ համալսարանական ընկերին, ոչ այնքան. ես ինքս օծում եմ նրանց իմ կլանում ներս թողնելու կամ չթողներլու համար։ Սա էլ եմ ընդունում։
    Խմբային, ամբոխային կամ կազմակերպման ոչ անհատական ձևերի մասին, նույն ընտանիք, ազգ, կրկին կարելի է քննարկել, բայց իհարկե սուրճի կամ թեյի սեղանի շուրջ։) Չգիտեմ ինչու, իմ մոտ միշտ այնպիսի տպավորություն է, որ մարդը միշտ մենակ է՝ ընտանիքում, ընկերների հետ, աշխատավայրում, ամենուր։ Խոսքը, իհարկե, ֆիզիկակակն մենակության մասին չէ։
    Եհովայի վկաների մասով. ես մեկ այլ գրառում ել ունեմ, կներեք անհամեստության համար, որ նշում եմ (http://yavrumyan.blogspot.com/2010/04/blog-post.html)։ Դժվար է կողմնորոշվել, ընդունել թե չընդունել, թե երկխոսել, թե ինտեգրել, թե սեփական անձը փոխել՝ այլ կերպ միջմշակութայի ու միջկրոնական երկխոսության առաջին հայացքից բանալ ու չարչրկված թեզը այդքան էլ բանալ չէ։ Ի՞նչ ասել է տարբեր, ումից տարբեր, որտեղ է ելակետը, եթե տարբեր են, ապա համեմատության հիմքն է ընդհանուր, այլապես դրանք համեմատելի չեն ու տարբեր էլ չեն, երևի։ Սուրճի կամ թեյի սեղանի շուրջ ։) Շնորհակալ եմ

    ReplyDelete