Monday, October 18, 2010

Ապրում ես ու չգիտես ինչի մասին է դա

Վերջին մի քանի գրառումներում ու նաև շաբաթների ընթացքում ամեն ինչ սեփական արմատների փնտրտուքի մասին ու շուրջ էր։ Իսկ սա հայացք է դեպի հետ, դեպի անցած տարիներ։ Չգիտես ինչու, ավելի շուտ գիտես, ամեն ինչ փորձում ես կառուցել անցյալի վրա հիմնվելով։ Ու երբ հանկարծ կորցնում կամ վերանայում ես անցյալը գնահատելու կամ իմաստավորելու ավանդական կամ սովորական կամ հիմնական գործիքները, անկախ քեզանից ու տրամաբանորեն մոլորվում ես իրականությունը, ներկան պատկերացնելու հիմնական կողմնորոշիչների ընտրության հարցում։Սկսում ես խարխափել. խարխափել ոչ թե նրա համար որ լուսավորությունն է քիչ կամ նվաղել է սեփական տեսողությունը, այլ դու ինք չես ուզում կամ չես կարողանում տեսնել։ Ամեն ինչ նման է տեսողական խաբկանքի։ Սկսում ես զուգահեռ իրականություն կառուցել ու ապրել զուգահեռ իրականության մեջ։ Կամ եթե չի ստացվում այդպիսի իրականություն կառուցել, փորձում ես ամեն կերպ խույս տալ ամենից, ու առաջին հերթին՝ ինքդ քեզանից։ Խույս տալը վերածվում է ելքի հիմնական տարբերակի, քանի որ սեփական ուժերը զուգահեռ իրականություն կառուցելու համար քիչ են, իսկ դու հույս ունես, որ մեկ այլ իրականության մեջ ավելի հեշտ կլինի կողմնորոշիչներ որսալ։ Այլ հարց է, թե արդյոք այդ կողմնորոշիչները կլինեն քո պատմական, կամ ավելի շուտ անցյալի հիշողության վրա հիմնված։
Հարցադրումը ձևակերպվում է՝ ապրել այս իրականության մեջ հիշողության վրա կառուցված կողմնորոշիչներով, թե փորձել վերաիմաստավորել անցյալը գնահատելու ու ներկայիս ու այս իրողությունում տեղադրելու ձեռքի տակ ունեցած ավանդական գործիքները։
Հարցադրումը գիտեք որտեղից։ Նոր աշխատավայրում լսվում են Սբ. Զորավորի զանգերը։ Տարօրինակ զգացում է, ահավոր տարօրինակ՝ աշխատավայրում լսել եկեղեցու զանգեր։
Տարօրինակ չէր, երբ Կահիրեում էիր ազան լսում, դա կահիրյան իրականության բաղակացուցիչ ու անբաժանելի մասն էր, Կահիրեն առանց ազանի Կահիրե չէր լինի։ Առաջին երկու շաբաթն անսովոր էր, իսկ հետո անսովոր էր, երբ ինչ որ մի թաղամասում դա չէր լսվում, իսկ հետո արդեն հավանում էիր։
Նույնը Բայրոյթում՝ տունը կաթոլիկ եկեղեցուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, իսկ կաթոլիկներն անխնա էին զանգում, շատ անխնա, շաբաթ, կիրակի օրերին հատկապես։ Զարթուցիչ պետք չէր, ընդհանրապես։ Ավետարանչականները զանգում էին ամեն քառորդ ժամը մեկ, հետո մի հատ էլ ամփոփում 60 րոպեն։ Գիշերները, երբ քունդ չէր տանում, սկսում էիր հաշվել, թե քանի քառորդ ժամ չես քնել ու հետ գումարում իրար ու սպասում հերթական քառորդ ժամի զանգին։ Ժամանակի ընթացքում զանգերն արդեն նորմալ էին, զանգերն ընդունում էիր որպես այդ իրականության անբաժանելի մաս։ Հետո սկսում էիր զանգերը ևս տեղավորել սեփական կողմնորոշիչների ցանկում ու քարտեզագրել դրանք։
Սբ. Զորավորի զանգերն ավելի քաղցր են՝ ազանից ու կաթոլիկներից քաղցր։ Բայց դրանք ես ազանի ու կաթոլիկների զանգերի հենքի վրա եմ ընկալում ու փորձում տեղավորել։ Զանգերն ամեն անգամ լսելուց ինձ թվում է, թե Բայրոյթում եմ։ Ափսոս, իհարկե ... Հետո մտածում եմ, արդյոք Սբ. Զորավորի զանգերը մեր կամ իմ իրականության հիմնական կողմնորոշիչներից ցանկում են, այդ դեպքում քարտեզի վրա որտեղ են դրանք։
Եկեղեցու ու հավատքի մասին չէ այս ամենը, այս իրականության մեջ իմաստ տեսնելու ու կողմնորոշիչներ ընտրելու հնարավորության մասին է այս ամենը։
Հետո ի՞նչ ... ահավոր հարցադրում է սա։ Փորձեք ամեն մի գործողություն, քայլ, ծրագիր, նախագիծ կազմելուց առաջ ու իրականացնելուց հետո այսպիսի հարց տալ։ Արդյոք այն է, ինչ պետք է կամ ադեկվատ, կամ համաքայլ է այս իրականությանը։ Չնայած, էլի եմ կրկնում, կախված նրանից, թե ինչպիսին կտեսնեք ինքներդ այդ իրականությունը։
Սբ. Զորավորի զանգերը կողմնորոշիչների բոլորովին այլ հեռանկար են բացում։ Ո՛չ նժդեհական՝ ՀՀԿ-ական մեկնաբանմամբ նժդեհականության մասին չէ խոսքը, ո՛չ ՀՅԴ-ական, ո՛չ օրինացական, ո՛չ բարգավաճական, ո՛չ թալանչիական։ Այլ, բոլորովին այլ՝ երբ պատկերացնում ես ու իրոք գիտակցում ու զգում, թե որքան հեռվից են գալիս այդ զանգերը ու այդ զանգերը Գարեգին Բ-ն չեն, Գարեգին Բ-ն այդ զանգերի հետ ընդհանրապես կապ չունի, այդ զանգերը շատ ավելի հեռվից են գալիս ու այդ հեռուն փառավոր է ու փառավոր չէ, կարևոր չէ դա, կարևոր չէ հաղթանակը բարոյական էր, թե փղերը իրոք լավ հարբած էին, կարևորը հենց այս պահին այդ զանգերը լսելն է ու հաջորդ զանգին սպասելը ու վաղը կրկին լսելը ու կրկին ու կրկին։
Ես երբեմն զարմանում եմ, չնայած ինքս եմ այդպիսին՝ ինչպիսի թեթևամտությամբ կարելի է վարվել սեփական հիշողության հետ ու հրաժարվել կամ շպրել այն, ինչ կառուցել ես։ Լավ, վատ, ի վերջո, ջանք ես գործադրել ու կառուցել։ Կախված, թե ինչ ես կառուցել, ի վերջո կա՛մ բարգավաճելու (ոչ կուսակցական) է դա, կա՛մ էլ փլուզվելու։
Այստեղ դադար տվեցի ու էլ չեմ ինչի մասին էր նախորդ հատվածը, լինում է այդպես, ժամանակ առ ժամանակ։) Ապրում ես ու չգիտես ինչի մասին է դա։) Երևի հենց սրա մասին էր նախորդ հատվածը։)
Մտածում էի, փոքրիկ հատվածների հաջորդականությունը ամբողջականության զգացում կտա, սխալվում էի, պիտի իմանայի, որ սխալվելու էի, պիտի ...
Զանգերը գիտեք ինչու հիշեցի՝ զանգերը լսելիս մի քանի վայրկյան թվում է, թե ուրիշ ոչ մի բան չկա, միայն զանգերը ու խաղաղ է, շատ խաղաղ՝ հոգում, հետո կորում են զանգերը ...
Փախչելը ոչ մի բան չի տա, երևի չի տա, չնայած ինչ իմանաս։ Մեկ-մեկ իրոք հավատում ես, իրոք մինչև վերջին բջիջը հավատում ես՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ ...»։ Բայց հետո էլի վերևի ահավոր հարցադրումը ու հատվածականության զգացումը ու փախչելու մոլուցքը։
Միգուցե մոլուցք էլ չէ, անհրաժեշտություն, ոչ ծայրագույն կամ հենց այդպիսին, բայց անհրաժեշտություն։ Բայց քանի դեռ մոլուցք է, այն ադեկվատ չէ ընթացքին, այն կամ հետ է ընթացքից, կամ առաջ դրանից, բայց ոչ մի կերպ ընթացքի մեջ։
Ի՞նչ եմ ուզում, ինքս ինձանից։ Շրջապատից ու ուրիշներից ոչ մի բան չեմ ուզում, դա հաստատ գիտեմ, ու չեմ էլ ուզելու, դա էլ գիտեմ։ Ուզելը երեխայական կամակորություն չէ, ինչ է, ինքս էլ չգիտեմ, ավելի շուտ նայելու ու ընկալելու ու իմաստավորելու ու քայլելու ուղի ընտրելու հոմանիշ։
Ինչ-որ մեկը ինչ-որ մի ժամանակ գրում էր՝ «կմթնեն, անց կկենան» կամ «գուքան ու կերթան»։ Երևի ... ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։

Շաբաթ առավոտ ու իրիկուն, Մարատ
--

1 comment:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 17:50

    "...երբ պատկերացնում ես ու իրոք գիտակցում ու զգում, թե որքան հեռվից են գալիս այդ զանգերը ու այդ զանգերը Գարեգին Բ-ն չեն, Գարեգին Բ-ն այդ զանգերի հետ ընդհանրապես կապ չունի, այդ զանգերը շատ ավելի հեռվից են գալիս ու այդ հեռուն փառավոր է ու փառավոր չէ, կարևոր չէ դա, կարևոր չէ հաղթանակը բարոյական էր, թե փղերը իրոք լավ հարբած էին, կարևորը հենց այս պահին այդ զանգերը լսելն է ու հաջորդ զանգին սպասելը ու վաղը կրկին լսելը ու կրկին ու կրկին",- ասում է Մարատը։ Իրոք կարևորը զանգերի հաջորդականությունն է, որն ավանդույթի ռիթմիկ ընթացքով հենարան է ստեղծում ապագայի ծրագրեր կառուցելու համար։

    ReplyDelete