Հայ ազգի մտավորականության առաջադեմ հատվածը շատ է սիրում խոսել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքի և այդ պատմական պրոցեսում ՀԿ-ների ծանրակշիռ դերի մասին։ Ընդ որում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ դասին պատկանող կազմակերպություններն իրենց գոյության և «քաղաքացիական հասարակությունակերտ» գործունեության միջոցները քաղում են Արևմտյան պետությունների գանձարաններից, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում սատարել այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են ժողովրդավարության ներդնումը, միջէթնիկական հանդուրժողականության սերմանումը, և, իհարկե, գենդերային խտրականության ու նմանատիպ այլ կարծրատիպերի փոշիացումը։ Բայց...
Այսօր ողջ երրորդ աշխարհը «բարի» նախանձով հիանում է Արևմուտքի բարեկեցությամբ ու փորձում ամեն կերպ ներմուծել անգլո-սաքսական քաղաքակրթության ուժի և առաջընթացի հիմքում դրված ինստիտուտներն ու դրանց սնուցող արժեքները։ Նախանձելու առիթ, ինչ խոսք, կա. մինչ Արևմտյան պետություններն ընթանում են ստեղծարար զարգացման ռելսերով, երրորդ աշխարհի երկրները մինչև կոկորդը թաղված են տնտեսական թուլության, գիտատեխնիկական հետամնացության, քաղաքական անկայունության և հանրային համերաշխության տոտալ բացակայության ճահճում։ Իսկ պատճառը, իհարկե, ամփոփված է հասարակական կյանքի կազմակերպման էության մեջ (համենայնդեպս այդպես է գրված դասագրքերում, որոնք, ի դեպ, նույնպես տպագրվում են Արևմուտքում)։
Ցանկացած հայ ՀԿ-ական, անկախ սեռից, տարիքից և գործունեության պրոֆիլից (ինտեգրում ինչ-որ մի բանին, գենդերային պայքար, դելֆինների շահերի պաշտպանություն և այլն) ձեզ կբացատրի, որ ժամանակակից աշխարհում անհնար է հասնել հաջողության առանց ժողովրդավարության և ազատ շուկայի, քանի որ դրանք համընդհանուր բարեկեցության շարժիչներն են։ Այս պրեամբուլային էլ կհաջորդի Արևմտյան (մեր դեպքում նաև ռուսական) անշահախնդիր օգնության մասին ստանդարտ զրույց, որտեղ փուլ առ փուլ կբացահայտվի Եվրոպայի և ԱՄՆ-ի հումանիստական էությունն ու ողջ աշխարհին սրտանց օգնելու նրանց մեծ ցանկությունը։
Մի խոսքով, այսօր շատ մարդիկ վստահ են, որ մեր երկիրը ողբալի կացությունում է (ինչը, ցավոք, ճշմարտություն է) և, որ այդ փոսից դուրս գալու միակ ուղին միջազգային (այսինքն ամերիկաեվրոպական) փորձի պատվաստումն է Հայաստանում։ Դե, իսկ քանի որ ՀՀ իշխանությունները չունեն ոչ բավարար միջոցներ և ոչ էլ ցանկություն ֆինանսավորելու այս վերածնունդը, մնում է հույսը դնել մարդասեր ու պատրաստակամ Արևմուտքի դրամաշնորհային առաջարկների և դրանց օպերատիվ արձագանքող ՀԿ-ների վրա։ Այս ամենը, իհարկե, շատ գեղեցիկ ու ոգևորիչ է հնչում, եթե չլիներ մի տխուր փաստ։
Բրիտանական կայսրությունը կառուցվել է գաղութների ազգաբնակչության ոսկորների վրա։ Նույնն է նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի մնացյալ երկրների պարագայում, որտեղ դարեր շարունակ տնտեսական ու ռազմական հզորության կուտակման շարժիչը եղել է հենց երրորդ աշխարհի (այն ժամանակ գաղութների) մարդկային ու նյութական ռեսուրսների համակարգված շահագործումը։ Այս հավերժական միջէթնիկական/միջպետական առճակատումը բացատրող տեսություները շատ են, և թե որն է դրանցից ամենաճշմարտացին, կարծում եմ, մեր խելքի բանը չէ։ Փոխարենը փաստ է, որ բախումը եղել է և կա, ընդ որում մարդկային պատմության ողջ ընթացքում՝ սկզբնավորումից ընդհուպ մեր օրեր։
Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը երկրագնդի քաղաքական քարտեզը բաղկացած էր մի քանի բևեռից, որոնց շուրջը կենտրոնացած էին «երրորդ աշխարհի» գաղութները։ Գաղութների դերը նույնպես պարզ էր. դառնալ մետրոպոլիայի արդյունաբերական արտադրանքի սպառման շուկա՝ միաժամանակ ապահովելով նյութկան և մարդկային հումքի անընդհատ հոսք։ Քաղաքական ինքնավարության մասին խոսք անգամ լինել չէր կարող, որովհետև ինքնավարությունը դա վերջին հաշվով բերում է պետականության, իսկ պետությունը, ըստ Հեգելի, դա «ազատության ոգու մանիֆեստացիան է ժամանակի ու տարածության մեջ և պետության միջոցով է, որ անհատը կարողանում է իրագործել իր Ազատությունը»։ Իսկ ազատ մարդը երբեք չի հանդուրժի լինել գաղութի, թեկուզև եվրոպական, բնակիչ։
Համաշխարհայի պատերազմից հետո երբեմնի գաղութների տարածքներում ծնվեցին նորանկախ տասնյակ պետություններ, որոնք դե յուրե դադարեցին լինել գաղութ։ Դե յուրե... Ինձ համար, համենայնդեպս դրանք գաղութ են առ այսօր, որովհետև օժտված լինելով սուվերենության չնչին նշույլներով, շարունակում են համապատասխանել գաղութ ձևակերպմանը։ Օրինակ, Հայաստանը, ինչպեսև երրորդ աշխարհի մյուս երկրները, շարունակում են կրել զարգացած աշխարհի արտադրանքի սպառման շուկայի զուտ «գաղութային» դերը, իսկ հայկական տնտեսությունը շարունակում է մնալ հումքի՝ մարդկային (մտավոր և աշխատուժ) և բնական (պղինձ, մոլիբդեն և շատ շուտով նաև երկաթ՝ ի հաշիվ բոլորիս առողջության), մատակարարար։ Այդ հումքը վերամշակվում է Արևմուտքում և այնուհետ կրկին սպառվում երրորդ աշխարհում։ Ստացված շահույթի փոքր մասը կրկին հատկացվում է հումքի գնմանը, դե իսկ մնացյալ մասն էլ ապահովում է այն, ինչ կոչվում է «արևմտյան բարեկեցություն»։ Ու շրջանը սկսվում է նորից։
Այժմ պատկերացրեք քաղաքացիական հասարակությամբ բնակեցված ինքնաբավ պետություն։ Այն հզոր է, չունի խնդիրներ հարևանների հետ, ըմբոշխնում է ահեղ տնտեսության և հանրային համերաշխության բոլոր վայելքները։ Դրա արդյունաբերությունը ոչ թե հանքարդյունահանություն է կամ «մարդկանց արտահանում», այլ գիտատար ու առաջադեմ տեխնոլոգիաների արտադրություն, ինչպեսև ծանր արդյունաբերություն։ Դրա պետական կառուցվածքն ախտահարված չէ կաշառակերությամբ, այլ բանիմաց է ու պրոֆեսիոնալ։ Այն չունի խնդիրներ հարևան երկրների հետ, ուստիև դատապարտված չէ սպառազինությունների հյուծող մրցավազքի և կախվածության արտասահմանյան միջնորդներից։ Մի խոսքով, այն Արևմուտքի գաղութ չէ, որ հումք է մատակարարարում և արտադրանք սպառում՝ կատարելով բանվոր-պետության դեր։ Այն հավասար մրցակից է՝ ինքնիշխան ու հզոր։
Դե իսկ հիմա թող յուրաքանչյուրն ինքը որոշի, թե այս երկու կեցություններից որը Հայաստանի համար կնախնտրի Արևմուտքը՝ գաղո՞ւթային, թե քաղաքացիական հասարակությամբ և ուժեղ պետականությամբ Հայաստան։ Նաև մտածեք, ի՞նչ է իրականում թաքնվում դրամաշնորհային վեհ ձևակերպումների ու խոսքերի թաղանթի տակ՝ օգնության ձեռք, թե դանդաղեցված գործողության ական։
Հայկ
P.S. Իհարկե, պատմությունը գիտե դեպքեր, երբ փոս փորողն ինքն է ընկել փոսը, ինչպես անցյալ դարի 20-ական թվականներին, երբ Մուսթաֆա Քեմալը (որից շատ հարցերում սովորելու շատ բան ունեն մեր ղեկավարները) օգտագործվելու փոխարեն ինքն օգտագործեց Արևմուտքին և Ռուսաստանին, սակայն ինչքան էլ մեծ լինի ցանկությունս, չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են հայ ՀԿ-ականներն օգտագործելու Արևմտյան միլիոնները միաժամանակ հաջողացնելով չօգտագործվել...
--
No comments:
Post a Comment