Ուրիշ բանի մասին է այդ ամենը. ոմանք այն եսասիրության, անհատի դերի գերագնահատման, անհատասիրության, անհատակենտրոնության և նման բաների արտացոլում են համարում, ընդդեմ կոլեկտիվիզմի ու խմբային գործունեության։ Մի քիչ Ատլանտիդա կար, փախչում ես իրականությունից, որը դու ինքդ հոժարակամ հանձնել ես մյուսներին, որոնք «մերոնցական» չեն ու չեն արարում, ստեղծում, դու ստեղծում ես քո Ատլանտիդան, որտեղ բոլորը էլի մերոնցական չեն՝ խմբի, շահի, հոտի իմաստով, ու սպասում, մինչև մյուսները կտապալվեն ու կգա քո ժամանակը։ Այդ ընթացքում պիտի պատրաստվել, իսկական արժեքներ կուտակել, ու ամենակարևորը՝ չաշխատել մյուսների օգտին։ Դա բավարար է, որ մյուսները տապալվեն։
Բայց սրա մասին չէ. չգիտես ինչու հավատում ես, որ ինչ էլ որ անում ես, քո համար չէ, դիմացինի համար է, օգնում ես դիմացինին շահագործելու քեզ։ Մի քիչ բարդ է սա համատեղել մյուս՝ քո ջանքերի ու բարիքի շրջանառության համոզման հետ, որ հնարավորինս շատ պիտի դու ինքդ բաշխես ու մյուսներն էլ բաշխեն ու արդյունքում բարին կշատանա ու ապրելն էլ հեշտ։
Ահա թե որտեղ է հակասությունը։ Մեկն ասում է՝ մի արա, մյուսն ասում է՝ բաժանիր։ Դժվար չէ, պարզապես կյանք ընտրելու հնարավորություն է։ Անգամ ընտրելու չէ։ Կյանքը հասկանալու չէ։ Մի փոքր հեռվից կամ կողքից քեզ նայելու ցանկություն ու հույս, որ դա կօգնի։ Ինչի՞ն պիտի օգնի։ Ապրելը այս ամենի մեջ երևի ամենադժվարն է։ Հույս կար, որ հարցեր չտալը կօգնի։ Բայց երևի էության մեջ այդպիսին չես։ Հակասում ես ինքդ քեզ. հարց տալու փոխարեն անընդհատ Հայր մերը կրկնելը չի օգնում, ամեն ինչ գնում է ձեռքից, իսկ դու չկաս։ Թեև չգիտես ինչու թվում է, որ ձեռքից չպիտի գնա ու ամեն ինչ քո ձեռքի մեջ պիտի լինի։ Չկա այդպիսի բան։ Երևի դրա սպասումն է խառնում թղթերը։
Արդյունքն այն է, ինչ գրված է վերևում. «Հոգնության պատճառով նա թողել էր, որ կյանքը ընթանար ինչպես ուզեր, ավելի ու ավելի լռակյաց էր դարձել...». Ալբեր Քամյու, «Ժանտախտը»
Խնդիրը չես էլ հասկանում սրանից հետո, այնքան է խառնվում, դե արի գլուխ հանի։ Ավանդական հայկական էությունը սկսում է այս պահից մեղավորներ փնտրել, ով էր մեղավոր, մեղքը որտեղ է։
Մեղքը ջանքն է։ Ինչի համար է ջանքը, արժե՞ այդ ջանքը։ Անհատական ջանքը տանում է այնտեղ, որտեղ հիմա ենք բոլորս կամ ես. փոքրիկ հարցեր ենք լուծում կամ չենք էլ լուծում, որոնք այնքան են մանրանում, որ ծիծաղելի են դառնում, արդյունքում տառապանքն էլ է ստացվում մանր, ու դու ես մանրախնդիր։ Սկսում ես տառապել ինչ-որ ինչից, որը չգիտես, տառապել արժե թե չարժե։
Եվ դու այնտեղ չես, որտեղ ես, իսկ որտեղ ես, դու չգիտես, աստված չգիտի, ոչ ոք չգիտի։ Ու հույս, որ այս ամենը աննպատակ չէ, ինչ-որ բան կա այս ամենի մեջ, որը շատ կարևոր է, չնայած դու չես հասկանում, անգամ գաղափար չունես։ Պտտվում ես, պտտվում ու դա պետք է՝ երևի։
Երկուշաբթի, Մարատ
--
No comments:
Post a Comment