Thursday, May 22, 2014

Ցնորք

Այսքան մոլորված, չեմ էլ հիշում երբ էր։ Ներքին զգացողության խնդիր չի կարող լինել։ Չէ։ Այդ դեպքում ստացվելու էր, որ, նվազագույնը, հիվանդ ես, երևի  հոգեկան։

Երբեմն օգնում է Սոնայի հետ զրուցելը, երբ նա դասերը վերջացրած է լինում, ու ինձ մոտ էլ զրուցելու մի փոքր ցանկություն է մնում օրվա ավարտին։ Ափսոս դժվար է լինելու նրա համար էլ, շատ դժվար։ Իսկ նրան կարդալ արգելել չեմ ուզում։ Չար գրականություն տեսնես ինչու չկա։ Չար, ահավոր չար, Սարոյանի բարության չափ չար։ Սա ավելի շատ կօգներ ապրելու, շատ ավելի շատ։

Ո՞վ, ի՜նչ...

Ամեն ինչ անում էի, որ ուզել չլինի, ոչ մի ցանկություն չլինի։ Մտածում էի՝ կօգնի ապրել, հեշտ կլինի երևի այդ դեպքում։ Չնայած, չէ, չի լինում, չի լինում ու չի լինում։ Այնքան հակասական է։ Պարապ էլ չես, ոչ մի վայրկյան միտքը հանգիստ չէ։ Մկանները միգուցե լարված չեն, բայց միտքը հանգիստ չէ։

Չգիտես էլ ինչ փորձել։ Խնդիրը միշտ վերադառնում է, բումերանգի պես, իսկ հույս ունեիր, թե կգնա ու կգնա։ Դու էլ չես կորի, ինչ-որ մի բան կգտնես, ու ինչ-որ մի բան կլինի։ Չէ։

Հույսդ «մի բանի վրա է» կամ էլ «լավ լինելու»։ Հույսն էլ է անհույս։ Չգիտես ոչինչ։ Չես էլ ուզում իմանալ։ Ախր ինչի համար, ինչի։

Մենակը լուծում չէ, կամ էլ դժվար է ու արդյունքը սա է։ Միասինը չի ստացվում. միտքը անդադար հուշում է՝ միգուցե դու ես, դու, դու, դու, ես, ես, ես... Ախր չի կարող ամեն ինչ մի տեղ պտտվել, չի կարող։

Ոչ մի բան ոչ մի նշանակություն չունի, բացարձակապես, անգամ զարմանք է, թե ինչպես կարող է ինչ-որ մի բան ինչ-որ տեղ ու ինչ-որ մեկի համար ինչ-որ նշանակություն ունենալ։ Ախր իմաստ չունի, իրականության հետ կապ չունի, կրկես է սա, աչք փակոցի, սեփական գոյությունն արդարացնելու միջոց, չնայած չէ, միջոց էլ չէ, սպեղանու հույս։

Առանց իրականության հետ կապի պետք չէ, ախր դա իրականության հետ կապ չունի, ցնորք է, ցնորք։ Չնայած ցնորքը իմ մտքերում է, երևի։

Հինգշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment