Friday, November 8, 2013

հանաներ նաներ նաներ ջան...

Չէ, ոչ մի բան էլ չկա, նույնիսկ վերջակետ չկա, միայն ստորակետ է լինելու, վերջում էլ բազմակետ, ու ցնդաբանություն, ուրիշ այլ բան հնարավոր էլ չէ, սուբյեկտիվ, թե օբյեկտիվ, սա էլ կապ չունի, պարզապես չէ, չէ, ուրիշ բան չկա, լացուկոց չէ, բողոք չէ, տեմպ է, ընթացք, օրեր, տարի ու կյանք, լավ է լինելու,
Աննան կատակում էր, թե նույնիսկ պատկերացնում է, թե դեմքի ինչ արտահայտությամբ եմ սա ասում, իսկ դա մի քանի տարի առաջ էր, ու մի տարի հետո էլ է լինելու, միևնույն է, լավ է լինելու, այլ տարբերակ չկա էլ, ընդ որում, հակառակը վատն էլ չէ, երևի այն է, ինչ կա հիմա, իսկ հիմա ոչ մի բան էլ չկա, որոշեցի, որ նույնիսկ պարբերություն էլ չկա, չնայած Վահան Միխայելիչից եմ սա թխել, իսկ նա էլ ինչ-որ բան անելու համար, որի մեջ իմաստ է տեսնում, որոշել է գիրք գրել, հետաքրքիր են մարդիկ, ամեն ինչի հանգրվանը գրի մեջ են տեսնում, ոմանք հիմա, մյուսները հետո, տապանաքարերի վրա փիլիսոփայական ինչ-որ երկտողով, թե իբր ակամա եկանք, դատարկ գնացինք, չնայած դատարկ բոլորն են գնում, չդատարկությունը չգիտես ինչով ես չափելու, գրից բացի, երևի նաև հիշողությամբ, չնայած այն այնքան կարճ է, նույնիսկ մեկ սերունդ չի փոխանցվում, չեմ էլ ասում, որ անգամ այդ սերունդի կյանքի ընթացքում բացի պոռթկումնային զեղումներից չի էլ հիշվում, մի բաժակ, կյանքի փոքրիկ մի դժվարություն, քարիկ, սայթաքման չնչին մի առիթ ու աչքերդ լցվում են, երբեմն միայն հոգին է լցված, ու սկսում ես հիշել, երևի նրանց կարիքն ես ունենում, դրանից է, չէ, չէ էլի, ընթացք է, ուրիշ բան սպասել պետք չէ, հուսալ պետք չէ, մեծ-մեծ խոսալ էլ պետք չէ, թե այս ամենը հնարավորություն է, ոչ մի հնարավորություն էլ չէ, այդ հետո է այն դառնալու հնարավորություն, երբ լավը արդեն եկել է, կամ կարծում ես, որ եկել է ու սկսում ես հետ նայել ու ինքդ քո համար որոշել, թե այդ երբվանից եկավ այդ լավը, որ դու այդ պահին չզգացիր, բայց հետո լավ եղավ, կամ էլ ինչ եղավ, որ այսպես եղավ, այսինքն լավ չեղավ, ինչն իմաստ ունի, հետո կիմանաս, երևի, կամ չես էլ իմանա, մինչև չորոշես, որ դա հենց այն է, ինչն իմաստ չունի ու հենց դրանում էլ իմաստ տեսնես ու սկսես ապրել, Բրեդբերին ասում էր իմաստը հենց ապրելն է, սա էլ է տարբերակ, երևի միակ տարբերակն է, չնայած ամենադժվարը հենց ապրելն է, արթնանալը ու մինչ մյուս արթնանալը ինչ-որ մի բան անելը, կամ էլ չանելը, ով իմանա, որն է սրանցից տեղինը, չեմ ուզում ճիշտը գրելը, սա ճշտի կամ ոչ ճշտի բան չէ, երևի բարու ու չարի բան է, չնայած դե արի ու գլուխ հանի, թե որն է բարին, որը չարը, չէ, բան չկա, ստորակետ առայժմ, ու մեկ էլ երաժշտություն, ու հոգու ազատություն, որը, չնայած երգել չգիտի, բայց երգում է, հայերեն, ու պարել չգիտի, բայց պարում է, զուսպ, գնում է, գալիս, տեղում, ու դոփում է, դոփում, դոփում, ուզում է որ հողին կպած մնա, որ հողի զգացումը չկորցնի, դոփում ինչքան ուժ ունի, ու երգում, հանաներ նաներ նաներ ջան... սարեր, սարեր, սարեր...

No comments:

Post a Comment