Երեկ հրաժեշտ տվեցինք Հակոբ Հակոբյանին։ Շատերը՝ ո՛չ ես. ինչպես Վլադիմիր Աբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, ժամանակին Հրանտ Մաթևոսյանին։ Տարիներ անց մտածելու եմ՝ կարող էի, բայց...
Չնայած Վարպետի հետ մի երեք ժամ ճանապարհ եմ գնացել, ու չեմ էլ իմացել, որ Վարպետն է։
1999-ին, նրանք Ջավախքից Երևան էին գալիս, մի չորս-հինգ մարդով։ Ես էլ ուսանող էի, հոկտեմբերի մոտակայքում, ամեն դեպում, տաք էր մեզ մոտ։ Կիրակի, իրիկուն, սահմանի վրա մեքենայի էի սպասում։ «Ռաֆ» եկավ, կապույտ գույնի։ Ճանապարհին պարզվեց, որ ես ուսանող եմ, արաբերեն եմ սովորում, Եգիպտոսում եմ եղել, չնայած Ալեքսանդրիայում չեմ եղել։ Ու նրանցից մեկը, բարի-բարի դեմքով, ուրախացավ։ Սկսեց արաբերեն բառախաղերով անեկդոտներ պատմել։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ հասկանում էի։ Հիմա լավ չեմ հիշում, թե ինչ էինք խոսում ճանապարհին, բայց հետաքրքիր էր։
Զգում էի, որ հասարակ մարդիկ չեն, Վարպետի դեմքն էլ ինչ-որ շատ ծանոթ էր թվում։ Գլուխ չեմ գովա, թե գիտեի, սիրում, գնահատում ու ճանաչում էի Հակոբ Հակոբյանին։ Չէ։ Միգուցե ինչ-որ տեղից լսել էի։ Ինչ որ տեղ ինչ-որ բան տեսել։ Բայց՝ դժվար։ Կճանաչեի։
Այսպես էլ է լինում։ Իդեալական չէ ամեն ինչ, իրերի մեջ երբեմն տրամաբանություն չկա։ Ոմանց աչքերը երբեմն փակ են։ Մեծ աշխարհ է։
Իմ սենյակում Վարդգես Սուրենյանց էր («Պղծված սրբույթուն»)։ Գույները հավանել էի։ Մինասի մորուքն էի հավանել, դեմքի խեղճ-տխրությունը, ու ինձ թվում էր, որ մեր ու մեր հարևան գյուղի մշակույթի տների որմնանկարները նա է արել։
Հակոբյանի գույները հետո տեսա։ Մի երկու տարի առաջ։ Ասում եմ չէ՝ մեծ է աշխարհը։ Ու հիշեցի կապույտ «Ռաֆը» ու արաբերենով անեկդոտներ պատմող ծերունուն։
Միգուցե Վարպետն էր, լավ չեմ հիշում։ Բայց թող նա լինի։
Ուրբաթ, Մարատ
--
No comments:
Post a Comment