Sunday, December 9, 2012

Միայն ապրելը քիչ է

Չգիտես ինչու, թվում է, թե այս իրականության մեջ հնարավոր է գտնել մի կետ, որը տարբերվելու է իրականությունից։ Ասենք՝ ավելի լավ դպրոց, ավելի լավ համալսարան կամ ֆակուլտետ, կամ ամբիոն համալսարանի մեջ, ավելի լավ աշխատատեղ, ավելի լավ քաղաք կամ թաղամաս քաղաքի մեջ, ավելի լավ գյուղ և այլն։ Թվում է, թե այն պիտի պատրաստ լինի, իսկ մենք պիտի գաղթենք դեպի այդ լավը ու մենք էլ վայելենք այդ լավից։ Իսկ թե որտեղից այդ լավը, քիչ է հետաքրքրում։ Գլխավորը, մեր ունեցածը լավը չէ։ Պատրաստին որոնելը ավելի հեշտ է, պիտի միայն գաղթել։

Հայրենիքից արտագաղթի մասին չէ սա։ Ոչ էլ բարձրաստիճան քարոզ է, թե ամեն ինչ լավ է, ժողովուրդն է ալարկոտ ու չի ուզում ավելի շատ աշխատել (ու մեզ էժան բարիքներ մատակարարել)։ Առավել ևս՝ անարդարության դեմ պայքար չէ՝ լուրջ դեմքով ու մեկ գյուղի մեկ ամսվա եկամուտը գերազանցող ձեռքի ժամացույցով։ Ոչ էլ մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին հորջորջանք։ Ոչ էլ ինքնասթափվելու ու ամեն ինչ մեր մեջ փնտրելու կոչ։ Առավել ևս, ինքնահավան ու շատ-շատ բարձրից անուսներին ուսուցանող բարոյախրատություն։ Կամ ազգային գաղափարախոսության ու ազգի առաջնորդի կամ փրկչի փնտրտուք։ Ոչ մի բան էլ չէ։

Իսկ իրականության մեջ, միևնույն է, նման կետեր չկան։ Չեն էլ կարող լինել, իրականությունից կտրված կետեր չեն լինում։ Ուրեմն՝ ուրիշ դպրոց կամ համալսարան, կամ քաղաք, կամ գյուղ, կամ ուրիշ բարձրաստիճան քարոզ ու ուրիշ «ես» սպասել կամ փնտրել պետք չէ։

«Ինչո՞ւ չկան» դեռ այն հարցը չէ։ Այն չի էլ հասունացել։ Դեռ պիտի պարզել՝ ինչ սպասել կամ ինչ փնտրել կամ ինչ անել (բացի գաղթելուց)։ Ինչ անել մեր բոլորի այսօրի հետ։ Ապագան դեռ մի կողմ, անցյալն էլ հետը։ Այսօր ի՛նչ անել։

Անհատի պատասխանը չէ սա, մեր բոլորի պատասխանն է։ Անհատը այսօրը կարող է մթնեցնել, ինչը և սիրով կամ տհաճությամբ, գիտակցաբար կամ անգիտակից, անում է։

Ու երբ գրվում է, թե «դարասկզբի արհավիրքներից ու ջարդից ու սովից վերածնվեց ազգը» ու նման բաներ, դա ընդամենը անհատի ապրելու ցանկությունն էր, անհատի պատասխանը ինչ անելուն։ Ապրել։ Բոլորը՝ մի մարդու պես։ Հետո դարի կեսին էր պետք ապրել։ Դարի վերջին էլ էր պետք ապրել։ Բայց միայն ապրելը ինչ-որ պահի հոգնեցնում է։ Ու երբ փորձում են էլի յաթաղան ու ջարդի սպառնալիք ու էլի նման բաներ հիշեցնել, էլի «միայն ապրել» են առաջարկում կամ փորձում իմաստավորել առաջարկը։ «Միայն ապրել» առանց ուրիշի սպառնալիքը հիշելու էլ կարելի է։ «Օրեր են, կմթնեն, անց կկենան». ոմանց մոտ՝ «մի այլ կարգի», մյուսների դեպքում՝ ավելի համեստ։

Իսկ «ինչը» պիտի բոլորինը լինի՝ հավասար ու արդար։

Մարատ, ուրբաթ
--

No comments:

Post a Comment