Saturday, October 22, 2011

Ուրբաթ իրիկուն, Հազրո

Գալշոյանի «Միայնակ ծառը» պատմվածքը նայեցի, Հազրոյի ու միայնակ ընկուզենու մասին, ճանապարհի ու ձորի բերանին, անջուր, բնի մոտ մի փոքր այրված։ Նկարագրում է հիանալի, խոսք չկա, պիտի կարողանալ չշտապել ու վայելել կարդալը։

Հետո ինչ-որ ժամանակ անցավ, մոտ մի ժամ, ժամ ու կես։ Անընդհատ մտածում էի Հազրոյի մասին, ինչու տան գերանը ճաքել էր ու դեռ հողե տանիքով թոնրատանն էր ապրում։

Հետո հասկացա, չնայած սկզբից էլ էր պարզ, Գալշոյանն ինքն էր հուշում, Հազրոն օտար էր այդ գյուղում, Հազրոյի սիրտը էրգիր էր ուզում ու էրգրի իրենց տան ընկուզենին։

Հետո ուրիշ մի բան հասկացա, որը ուղղակիորեն չէր նշում Գալշոյանը։ Հազրոն կարոտի մեջ էր ապրում, երազների, ու էլի կարոտի ու էլի երազների, իրական ու իրականության մեջ փնտրվող երազների։ Կարոտը Հազրոյի չէր թողել «տնավորվել», Հազրոն մինչև վերջ էլ պիտի կարոտի ու երազների մեջ ապրեր։

Իրականությունը պիտի տեսներ, բայց չպիտի ընդուներ այն, չպիտի ուզեր ընդունել այն, չպիտի ուզեր տեսնել իրականությունը։ Ինչ-որ հեռու, իրականությունից, հողե տանիքով իր հացատնից հեռու կարոտ կար, դրա համար պիտի ապրեր երևի Հազրոն։ Կարոտի համար պիտի ապրեր Հազրոն ու կարոտի մեջ։

Հետո Հազրոն պիտի ծառը կտրեր, ծառը, որը տեսել էր գեղեցիկը, ու առանց ջրի էլ էր «տնավորվել» այդ գեղեցիկը տեսնելու համար, միայնակ, ձորի բերանին։

Հետո միայն Հազրոն պիտի գլխի ընկներ, միգուցե ...

Հազրոն պիտի կարոտով ապրեր ...

Ուրբաթ իրիկուն, Հազրո 
--

No comments:

Post a Comment