Wednesday, April 10, 2013

Արշիպելագ Հայաստան

Ժանրի կանոններից հեռու է լինելու շարադրանքը, չնայած ժանրը հազիվ թե կանոններ ունի, ավելի շուտ ժանր էլ չկա։ Միայն զգացումներ են։ Զուտ զգացումներ, սուբյեկտիվ։ Միտք փնտրել պետք չէ։

Ապրիլի 9-ին ամբողջ օրը զգացում կար, որ իրոք 1937-ին բավականին ծանր է եղել։ Անզորության զգացում, անհեռանկարայնության։ Ու արհամարհանքի, զզվանքի։ Իսկը՝ գաղջ։ Ծանրության զգացումը խեղդում էր։ Անընդհատ մտածում էիր՝ միթե ազնիվ մարդիկ չկան։ Կա՞ն։ Ո՞ւր են։ Ազնիվ են երևի միայնակ, իրենք իրենց մեջ։

Իրականում շատ բան չի եղել։

Մեկը երդմնակալեց՝ շրջապատված Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի փայլող դեմքերով (ևս հինգ տարի «գարանտիա» նրանց համար, դահլիճում իրականը այս չորսն էին)։ Երկրորդը խոսում էր քրիստոնեական արժեքներից։ Արդյունքում աղոթեց իր զորավարի հետ։ Վեհափառը վերջնականապես վերածվեց Վեհի։

Մենք մի քիչ ծիծաղեցինք, մի քանիսը մարզերից եկան Երևան ու այդպես էլ չհասկացան՝ ինչու։ Մի երկուսի զայրույթը կրկնապատկվեց։ Մի երկուսը էլ ավելի չարացան։ Մյուսները՝ ավելի անզորացան։ Շատերը հայրենասիրական կենացներ խմեցին ու երևի Տիգրան Մեծին ու Ղարաբաղը հիշեցին։ Մի քիչ Ստամբուլը արյան ծով սարքեցին։ Ասեցին, որ հավերժ եղել ենք, հավերժ էլ լինելու ենք ու հետո նստեցին իրենց G55-երը ու գնացին տներով։

Օրը մթնեց, անցավ։ Արթնացանք Արշիպելագ Հայաստանում։ Ու դեռ երկար ենք արթնանալու։

Ու երբ ասում են, թե սա սկիզբն է միայն, ժողովուրդը հասունանում է, սկսում է գիտակցել և այլն և այլն... Չէ՛ եղբայր, չէ էլի։ Ժողովուրդը ես եմ, դուք եք, մյուսներն են։ Հասունանալ ժողովրդին չէ պետք։ Հասունանալ իշխանություններին է պետք։

Հասկանում եք՝ մահակներով շատ բան չեք ջարդի։ Ձեր ժպիտներով շատ ավելի մեծ բան կջարդեք, քան մահակներով։ Հասկանում եք՝ ազատ ապրելու, մյուսներից չզգուշանալու, ազատ արտահայտվելու զգացումը չեք կարող ջարդել։ Բանտարկել կարող եք։ Ընկճել կարող եք, կոնյակին կամ գարեջրին կամ գլանակներին մղել կարող եք։ Վնասել էլ կարող եք։

Ախր ազատ լինելու զգացումը շա՛տ է կարևոր։ Ախր հակառակ դեպքում ես, դուք, մյուսները զգուշանալու ու հետո էլ վախենալու ենք, նախ՝ շրջապատից, հետո՝ ընկերներից, հետո՝ հարազատներից, հետո՝ ընտանիքից, հետո՝ ինքներս մեզանից, ու սկսելու ենք մատնել։ Բոլորին մատնել։ Վերջում էլ մեզ ենք մատնելու։ Ու հետո գալու է 37-ը ու մեր գերեզմանն էլ երևի մեր ձեռքով ենք փորելու։ Իսկը Արշիպելագ։

Անընդհատ մտածում էի, որտեղ եմ գրելու Վարագույր։ Չգրեմ երևի։

Մարատ, չորեքշաբթի
--

No comments:

Post a Comment