Առաջին անգամ չէ, երբ ինչ-որ բան գրելուց առաջ համարյա պատկերացում չունես, թե ինչի մասին է ի վերջո լինելու այն, ինչ Ս.Բ.-ն վերջերս սկսել է փակցվածք անվանել: Մոտավորապես պատկերացնում ես, ինչի մասին է դա, անգամ զգում, կոնկրետ դեպք կամ դեպքերի շարան գիտես դրա մասին սեփական ու ոչ սեփական «կյանքի փորձից», եթե վերջին այս կապակցությունն այստեղ տեղին է, բայց գրել կարծես թե չի ստացվում, որովհետև գրելը պարտավորեցնող է, մանավանդ, երբ հետին ինչ-որ գիտակցում կամ փառամոլություն գիտակցում ունես, որ միայն քո համար չէ որ գրում ես կամ ուզում ես գրել: Ամեն դեպքում ...
«Գուրկա» զինվորների մասին մի ֆիլմ էր. նեպալյան լեռներում ապրող երիտասարդ տղաների մասին, որոնց ու որոնց ընտանիքների կյանքի հիմնական, եթե ոչ ամենագլխավոր, նպատակը բրիտանական բանակում մսաղացի միս ծառայելու «մոլուցքային» երազանքի մեջ էր: «Մոլուցքայինը» հատուկ եմ չակերտների մեջ գրում, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը հիմալայան այդ գյուղերում այլընտրանք բրիտանական բանակին դեռևս չի առաջարկում: Սեփական կյանքը վտանգի ենթարկելով ընտանիքի՝ ծնողների, քույրերի ու եղբայրների, համար ավելի բարվոք կյանք առաջարկելը միակ այն ճանապարհն է, որը կյանքն առայժմ առաջարկում է այդ երիտասարդներին:
Ֆիլմը այդ ճանապարհը անցնել չհաջողած մի երիտասարդի մասին էր, որը հոր հետ տուն էր վերադառնում: Իսկ երիտասարդը չէր հաջողել, որովհետև գուրկա զինվորների համար բրիտանացիները նախատեսել են ընդամենը երկու սևացած ատամ ու մեկ լիցքով ատամ. իսկ բրիտանացիները պահը չեն կորցնում մարդու իրավունքներ քարոզելու համար :( Իհարկե, ես ավելորդ հույսեր, պատրանքներ չունեմ, կյանքն արդար չէ ...
Չհաջողելու շոկն այնքան մեծ էր, որ հայր ու որդու բերանը չէր բացվում, երկուսն էլ լուռ էին, անտանելի ճնշող լուռ ու երես չունեին միմյանց նայելու համար :( Ճանապարհին հայրն այլևս չդիմացավ ու որդու մոտ լացեց, թե «ինչ սև երեսով եմ տուն մտնելու ու կնոջս նայելու, մենք տղայիս հետ մեծ հույսեր էինք կապում»: Դուք որդու վիճակը պատկերացրեք, ով լսում էր այդ խոսքերն ու տեսնում հոր արցունքները ...
Ամեն դեպքում, հեշտ չէր, կարծում եմ ... երկուսի համար էլ: Երկու տղամարդ, որոնք ամեն կերպ փորձում են ավելի բարվոք պայմաններ առաջարկել ընտանիքին:
Ֆիլմի մեջ այս ամենը հմտորեն ուղեկցվում էր հիմալայան իրոք հիասքանչ բնապատկերներով. գյուղը պարզապես հրաշք էր, թեև հայկական, ոչ հիմալայան առածն ասում է. «Կուշտն ինչ գիտե սովաձի հալըն օր ...» կամ «Սեր էնողին սեյրան կըթվա»: Ամեն դեպքում ...
Ամեն կերպ ձգտման զգացումը Բայրոյթում ես մի քանի արաբների ու համարյա բոլոր չինացիների ու աֆրիկացիների մեջ եմ տեսել: Նույնպես արևելաեվրոպացի ու ռուս աղջիկների՝ ամեն կերպ արևմտաեվրոպացի տղաների հետ ամուսնանալու «մոլուցքի» մեջ: Հնդիկներ դեպքում «մոլուցքը» մի փոքր այլ էր, աշխատասիրության վրա հիմնված էր այն. մոտավորապես՝ «պիտի արժանի լինել ավելի բարվոք ապրելու առավելությանը»: Հնդիկների պես ու չափ ոչ ոք չէր կարդում ու աշխատում:
Մտածում ես կամ չես էլ մտածում, փորձում ես մտածել, ինչու են մարդիկ ամեն անգամ ուզում այն, ինչը դժվար է ու դժվարին ու բարդ ու առավելագույն ջանք ու եռանդ է պահանջում ու թույլ չի տալիս տեսնել հիմալայան բնապատկերները ու գնահատել, տեղին գնահատել ու արժևորել այն, ինչ կա շրջապատում: Իսկ շրջապատում հաստատ ինչ-որ մի բան կա, արժևորելու ինչ-որ մի բան հաստատ կա:
Միգուցե քիչ է այն, բայց քիչն էլ է հարաբերական՝ ինչի՞ համեմատ, ի՞նչ մեծությամբ չափելիս, որտեղ է նորմը, որից ներքև քիչ է կամ որից վերև բավարար ու լավ է: Հիմար ու պարզունակ հարցադրումներ են, ոչինչ չասող ...
Հ.Մաթևոսյանի «Ծառերը» կարդացե՞լ եք: Չեմ բացառում, որ կարդացել եք: Իսկ ուշադիր ու դանդաղ, շատ դանդաղ, ամեն մի բառի շուրջ մի քանի անգամ մտածելով կարդացե՞լ եք: Կառաջարկեմ կարդալ, հենց այդպես կարդալ:
Երբ շատ եմ կարոտում, կարոտում երևույթներին, մարդկանց, արևի բարկությանը, վառված խոտի հոտին, գիտեք արդեն ինչ եմ անում:
Կհարցնեք ինչ կապ կա Հրանտ Մաթևոսյանի ու գուրկա զինվորների ու այս փակցվածքի իմաստի ու «Ծառերի» միջև ...
Ինչո՞ւ են մարդիկ հանկարծ որոշում, որ՝ «այ հենց սա շատ ավելի բարվոք է, քան այն, ինչ ունեմ հիմա» ու ի՞նչ գին են պատրաստ վճարել կամ ջանք թափել «այ հենց սա»-ն ունենալու համար: Հիմար հարց է. պատասխաններ՝ ինչքան ուզեք:
Ո՞ւմ կամ ինչի՞ համար են ապրում մարդիկ, ինչո՞ւ են ապրում նրանք, ի՞նչ պիտի անեն նրանք, կամ պիտի՞ անեն արդյոք ... ի՞նչ են մարդիկ միմյանցից սպասում, ակնկալում, կամ ինչո՞ւ են ակնկալում, ինչո՞ւ նրանցից ոմանք գիտակցաբար որոշում են կրել մյուսների կյանքի, գոյության, բարվոք գոյության նկատմամբ պատասխանատվությունն ու պատասխանատվության այդպիսի զգացումը վեր դասում ամեն ինչից ... անգամ մսաղացի մսի գնով ...
«Ծառերը» խորհուրդ կտամ թերթել ...
Շաբաթ իրիկուն, Մարատ
Հ.Գ. Վերջերս մի քննարկման ժամանակ մասնակիցներից մեկն այնպիսի հավատով մի միտք արտաբերեց, որ չգիտես ինչու ինձ մի պահ թվաց, թե ես գտա մարդու գոյության իմաստի իմ պատասխանը: Իսկ միտքը մոտավորապես այսպիսին էր. «Մարդու գոյության այս տարիները ինչ-որ անհրաժեշտ փորձի [շատերը կենսափորձ, կյանքի փորձ, իմաստություն, ապրելու իմաստություն, կյանք կանվանեն սրան] ձեռքբերման տարիներ են, որը ՀԵՏՈ ու ինչ-որ մի ՏԵՂ ու ինչ-որ մի ԲԱՆՈՒՄ անպայման պետք է գալու»:
--
Դպրոցական տարիներին մի միտք էի անընդհատ կրկնում (կարծեմ ես էի հորինել կամ լսել էի ու մոռացել,որ հեղինակը ես չեմ).եթե ամեն <> ունենար իր որովհետևը..Եթե...
ReplyDeleteԴուք հարցնում եք(հավանաբար պատասխան չակնկալելով),թե ինչու են որոշ մարդիկ <>:Գուցե շատ եմ ազդված Քամյուի փիլիսոփայությամբ,բայց սրանք էն հարցերն են,որոնք ես ամեն օր ինձ տալիս եմ ու հասկանում,որ էտ զգացումը իրականում մեզ է պետք, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ,որ ՊԵՏՔ ԵՆՔ....