Ինչքան փոքր են մարդիկ երբեմն իրենց վերաբերմունքում ու վարքում. չափազանց փոքր, փոքրոգին անգամ այդ բառը չէ: «Մենք ենք մեր սարերի», ֆիլմի, նախաբանը հիշո՞ւմ եք, ատոմային ռումբն ու սարերը: Իհարկե, ֆիլմում հակադրությունն իր խորհուրդն ունի, բայց տարբերությունը դրանից ավելի ահռելի է: Համեմատությունն էլ տեղին չէ, ֆիլմի խորհուրդը բոլորովին այլ է, ամեն դեպքում: Աշխարհը պտտվում է, մարդիկ՝ իրենց առօրյայում: Շատ քիչ մարդկանց գիտեմ, ում հաջողվում է ինչ որ չափով վեր մնալ առօրյայից, ու աշխարհի հետ պտտվել:
Երբեմն մտածում եմ, որտեղ է սահմանը, որը հուշում է կամ հուշելու է վարվել ոչ այնպես, ինչպես հենց այդ պահին ես վարվում: Ինչու ես երբեմն զբաղվում միմյանց տրամաբանորեն հակասող բաներով: Միգուցե տրամաբանությունն է միայն թվացյալ հակասող: Որտեղ է այն սահմանը, եթե այդպիսին, իհարկե, կա, որը թույլ է տալու մեկ մարմնում ու մեկ հոգում միավորել այն, ինչ առաջին հայացքից պիտի որ չմիավորվող լինի: Միգուցե այդ մարմինն ու այդ հոգին հիվանդ են՝ տկար:
Ինչքան հեշտ կարելի է կտրվել աշխարհից. փակվում ես ինքդ քո մեջ ու վերջ: Աշխարհը փակ է, դու չկաս, ոչ ոք չկա, ոչ մի բան հետաքրքիր չէ, ոչինչ հետաքրքիր չէ: Կարճ անց դու էլ ոչ մեկին հետաքրքիր չես ու ոչ մեկի համար էլ չկաս: Գոհ ես դու, գոհ է միգուցե աշխարհը: Հանգիստ ու խաղաղ ... ճիշտ այնքան, որքան հոգին է խաղաղ ու հոգին ոչ մի բան չի ուզում:
Տարօրինակ է, ոչ մի բան չես ուզում, ուզել/պահանջելու մասին չէ խոսքը, երեխայական պարզամիտ՝ ուզել/բացահայտելու մասին: Հետաքրքիր է, ինչու չես ուզում, միգուցե ուզելու բան էլ չկա ... բավ է: Ուղի կամ տարբերակ կամ ճանապարհ է արդյոք դա ... հոգի էլ չկա, սիրտ, երևի, միայն, սիրտ որը միայն սարեր է ուզում ու սառնամանիք:
Ոչ մի բան էլ հետաքրքրի չէ՝ ոչ արաբական փողոցը, ոչ Րաֆֆին ու քրիստոնեական բանավեճը, ոչ էլ Ֆուկուսիման, ոչ էլ համամարդկային խնդիրները, առավել ևս ճղճիմ ու ճահիճ թվացող համալսարանը, օդը, որը շնչում ես ու ամեն ինչ շրջապատում ... միայն սարեր:
Ինձ հորդորում էին իրերի մեջ տրամաբանություն չփնտրել՝ «այդպիսին պարզապես չկա» (Լ.Գ. - ©): Վերջերս հորդորում էին նաև իմաստ չփնտրել՝ «ինչո՞ւ փնտրել» (Ն.Հ. - ©): Միգուցե ճանապարհ է դա, հաշտվել ու «բրթել» (Հ.Ք. - ©): Միգուցե, չգիտեմ։ Չգիտեմն էլ է, ի դեպ, փիլիսոփայություն, ավելի շուտ «չիդեմը» (Մ.Յ. - ©):
Ինչպիսին է ապրելու փիլիսոփայությունը, կա այդպիսին արդյոք, պիտի փնտրել արդյոք: Ուրիշ ցանկացած պահին, օտար ինքդ քեզ ու էլի ուրիշ, բայց դրա հետ մեկտեղ էլի նույն ինքդ:
Արժե այն, ինչ անում ես, ու ինչու արժե, ինչ արժե ... դրամական փոխհատուցման մասին չէ, ընդհանրապես, ավելի շուտ՝ արժանապատվության զգացում պարգևող փոխհատուցման մասին:
Ինչ են մարդիկ ակնկալում մյուսներից, ինչու են ակնկալում. հիմա կասեք սոցիում, սոցիալական կապեր, սոցիալիզացիա ու էլի այսպիսի բառերի շարան: Բացատրել կարելի է ամեն ինչ, մանավանդ նկարա-վերագրական բացատրությամբ: Ամեն ինչ գոյության իրավունք ունի՝ եթե անհրաժեշտորեն հիմնավորված է, երբեմն նաև փաստարկված. մնացած ամեն ինչն արդեն վերագրաական մտագործունեության է: Գիտությունն ամեն ինչ կբացատրի կամ կհրամցնի այդ բացատրությունը: Մնում է հավատալ, ընդունել, գնահատել, առարկել, քննարկել, բանավիճել, հակասել ... ել ...ել ...ել ...:
Բայց արդյոք դա է այն, ինչի ձգտում ենք, կամ եմ: Չեմ կարծում ... միգուցե չեմ էլ հավատում ... բայց անում եմ, կամ չեմ էլ անում, ձև տալիս, թե անում եմ: Գործողությունները, ջանքերը կորցնում են իրենց արժեքը: Դրանք ոչ մի բանի ուղղված չեն, ավելի շուտ նպատակաուղղված չեն, դրանք այնպիսին են, ինչպիսին որ են՝ ինքնանպատակ, իրենք իրենց համար, ոչ մի արժեք:
Չնայած ինչ արժեքի մասին է խոսքը. ով է որոշում, թե որն է արժեքը ... ումն է այդ արժեքը, եթե ամեն դեպքում այն քոնը չէ, իսկ այլընտրանք ինքդ առաջարկել չես կարողանում, կամ չես էլ ուզում:
Միայնակ կարելի է ամենուրեք լինել, եթե հենց դրան ես ձգտում ... պարզվում է ապրելն է արվեստ: Երբեք չէի մտածել, որ ապրել էլ պիտի կարողանալ, սովորել, ամեն որ սովորել, ու ամենաբարդը հենց դա է, այնքան բարդ: Այն գեղեցիկ է լինում ու ոչ այնքան, առողջ ու ոչ այնքան, իմաստ պարունակող ու ոչ այնքան, արժեքավոր ու ոչ այնքան, համեստ ու ոչ այնքան, պարզ ու ոչ այնքան, բարի ու ոչ այնքան, անկախ ամեն ինչից ու ոչ այնքան ... երևի շատ կարելի է շարունակել: Գեղեցիկ-ը, պարզ-ը, անկախ-ը, բարի-ն լավ տարբերակներ են, ցուրտ սարերի ֆոնի վրա ...
Ինչու անել այն, ինչի դիմաց պարտադիր ինչ որ բան ես ակնկալում (խոսքը հասարակ աշխատանքի մասին չէ, որի դիմաց ֆիզիկական գոյություն ես ապահովում)։ Հետաքրքիր է, ինչպիսին են «ուժեղ մարդիկ»՝ հոգում:
Ուրիշ բանի մասին էի ուզում գրել, չստացվեց ...
Երկուշաբթի իրիկուն, Մարատ
Հ.Գ. Բարեգործության միակ ակնկալիքը դիմացինի բարեկեցությունն է, ոչ սեփական անձի փառամոլության կամ այլ զգացումների բավարարումը ... կարծում եմ, պիտի որ...
--
No comments:
Post a Comment