Wednesday, October 17, 2012

Թե ինչու չեմ ուզում Մարատին հիշե´լ

Վաղու՜ց, շատ վաղուց չեմ մտել «Ուրբաթ»` որպես հեղինակ: Պատճառներ չկան, կամ կան, բայց այնքան խորքային են, որ դրանց վերլուծությունը անխուսափելիորեն տանելու է ազգային մակարդակ, իսկ դրանից վաղուց արդեն խուսափում եմ: Խուսափում եմ, որովհետև, ըստ էության, վերլուծությունն արդեն վաղուց արված է` այն էլ բազմակողմանի, տարբեր գաղափարախոսությունների ոսպնյակով զննված, փորձարկված: Գոնե ես ինձ համար վերլուծել եմ: Ախտորոշումն էլ պարզ է` ախտանիշները այնքան ցցուն են. եթե «բարձրագույն» մակարդակում քննարկման է դրվում «երկիրդ երկիր չի» ասույթի խնդիրը և դրան «գաղափարախոսական հակահարված» է տրվում, դա ախտանիշ է, որովհետև նման բանաձևերը արմատախիլ են արվում ոչ թե գաղափարախոսական հակահարվածներով, այլ երկիրը գրագետ կառավարելով, նման կարծրատիպերի կենսունակության համար նպաստավոր միջավայրը վերացնելով: Ահա տեսեք` ճիշտ էի, որքան էլ խուսափեցի, բայց հենց խորքային պատճառներից խոսեցի, ինձ անմիջապես տարավ-հանեց ազգային մակարդակ :)

Իսկ ես ուզում էի ընդամենը ասել, որ ամեն անգամ համակարգչիս սեղանին տեսնելով «Ուրբաթի» պատկերակը, կարծես, պահարանում գրքերին հենած մի հին լուսանկար տեսնեմ, որ բազմաթիվ հուշեր է արթնացնում, ու թեև այդ պահին պարզապես մի հայացք ես նետել լուսանկարին, շտապելով վազել դեպի օրվա ունայն խառնաշփոթը, հասկանում ես, որ այդ պատկերին ես ի պահ տվել ինչ-որ կարևոր բան, որ կարող է դուրս ընկնել կամ գողացվել հոգուդ գրպանից անիմաստ ու անպտուղ պարտականությունները կատարելիս... Ու այդ պահին կրկին հիշում եմ Մարատին:

Հիմա կասեք` ո՞նց թե հիշում, միասի՞ն չեք աշխատում: Չէ, իհարկե,աշխատում ենք նույն վայրում, բայց միասին չէ, քանի որ տարբեր վայրերում ենք վաստակում, և այնտեղ, որտեղ ՄԻԱՍԻՆ աշխատում ենք, չենք հանդիպում, քանի որ լինում ենք այնտեղ, որտեղ ԱՌԱՆՁԻՆ վաստակում ենք: Եվ ինձ ոչինչ չի մնում, բացի հիշելուց, ինչպես հիշում եմ ընկերոջս, ով վաղու՜ց արդեն այլ երկրում է, որտեղ աշխատում ու վաստակում է նույն տեղում, և ամիսը մեկ-երկու անգամ խոսում ենք Skype-ով...

Չեմ ուզում Մարատին հիշե´լ... Արդեն հասկացաք թե ինչու:
--

2 comments:

  1. Լսարանը դեռևս «Սյուզան Մուբարաքի» անվան էր ։)))

    ReplyDelete
  2. SamvelKarabekyan18 October, 2012 19:29

    Ավելին, դեռ «Սյուզան Մուբարաքի» անվան էլ չէր, դրա մեսի չափով 02 լսարան էր... Վաղնջական արաբագիտություն...

    ReplyDelete