Friday, October 14, 2011

Հայտարարություն՝ հայտարարելու համար

Հինգշաբթի Կառավարությունը լրացումներ է կատարել «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրության մեջ։ ՀՀ վարչապետը նշել է. «Մենք փուլ առ փուլ պետք է ներդնենք միջազգային լավագույն չափանիշները և այս սովետական համակարգից ձերբազատվենք։ Հասկանալի է՝ միանգամից դա հնարավոր չէ անել և պետք է կապված լինի բուհական բարեփոխման հետ, որպեսզի մեր բուհերի ընդհանուր վարկանիշը կտրուկ բարձրանա, և կարողանանք եվրոպական համակարգ ներդնել։ Այս պահին դեռևս պահպանում ենք ԲՈՀ ինստիտուտը, հստակեցնում կանոնադրությունը, բայց պետք է հասկանալի լինի և՛ ԲՈՀ-ի համար, և՛ մեր հանրության, որ այս հին համակարգը մենք չենք պահելու»։


Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ըստ էության, ինչ-որ ուղերձներ են հասարակությանը, որոնք նախանշում են քաղաքականություն, ուղի, մտորումներ և այլն և այլն։ Այս դեպքում, իհարկե, ուղերձը որոշումն ընդունելուց հետո էր, այդուհանդերձ, վարչապետը ինչ-որ բան էր երևի ուզում ասած լինել, բայց ո՞ւմ։

Ինչո՞ւ են ձերբազատվում սովետական համակարգից, եթե արդեն իսկ չեն ձերբազատվել, եվրոպական համակարգ ինչո՞ւ են ներդնում, ինչո՞ւ են բարեփոխում բուհական համակարգը, եթե իհարկե բարեփոխում են, միթե երբևիցե բարձրանալու է մեր բուհերի՝ միջազգայինը թող Կառավարությանը մնա, տարածաշրջանային վարկանիշը, ինչո՞ւ են ... հարցերը շատ են։ Հարցեր, որոնք որոշում կայացնողների մակարդակում հռետորական են առայժմ, հռետորական՝ հանրությանը հստակ պատասխաններ չառաջարկելու, պատասխանների հստակության նկատմամբ պատկերացում անգամ չունենալու առումով։

Խնդիրն այստեղ, ի վերջո, ԲՈՀ-ը չէ։ ԲՈՀ-ը վերացնելու կամ չվերացնելու մասին հայտարարությունները, խոսակցությունները հանրահաճո կամ հանրության կողմից քննադատության արժանանալու համար են միայն։ Դրանք ոչ մի բան, ըստ էության չեն փոխում։

ԲՈՀ-ը կամ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը Սովետները ստեղծեցին 1932թ.։ Իրականում այն սկսեց գործել 1934-ից։ Մինչ այդ գիտական աստիճանները շնորհվում էին անմիջապես բուհերում։ Որակավորման միասնական համակարգի ստեղծումը, ըստ էության երկու խնդիր էր լուծում. Սովետներին անհրաժեշտ էր մտավորականության խավ ձևավորել, երկրի հսկայական տարածքով մեկ և երկրորդ՝ այդ խավի որակը պիտի կտրուկ չտարբերվեր գաղափարախոսական կուսակցական նախանշվող գծից։ Հազիվ թե այն գիտական այլախոհությունը զսպելու գործիք էր, միգուցե և։

Ամեն դեպքում, այն պիտի որ միայն «որակյալը» զտեր ընդհանուր հոսքում։ Համակարգը ժառանգեցին խորհրդային բոլոր հանրապետությունները, անգամ Բուլղարիան։ Վերջերս Տաջիկստանն ու Ուկրաինան, Մերձբալթյան նախկին հանրապետությունները՝ ավելի վաղ, հրաժարվեցին ԲՈՀ-երից։

2005-ին Հայաստանը միացավ այսպես կոչված «Բոլոնյան գործընթացին» կամ «Բալոնիային»՝ ինչպես ընդունված է բարձրագույն կրթության միասնական եվրոպական տարածագոտուն ինտեգրման մեր ձևական ցանկությունն անվանել մասնագիտական, և ոչ միայն մասնագիտական շրջանակներում։ Հենց այդ տարիներից էլ սկիզբ առան ԲՈՀ-ից հրաժարվելու խոսակցությունները։ ԲՈՀ-ը ոչ մի կերպ չէր տեղավորվում Բալոնիայի մեջ, չնայած ի՞նչն էր տեղավորվում այդ տարիներին։ «Ինչը» չի տեղավորվում անգամ հիմա, եթե ձևականությունները մի կողմ թողնենք։

Կա նաև ուժեղ հակազդեցության հենց «սովետական» անվանվող համակարգի կողմից։ Մտավորականության այն խավը, որը ձևավորվել է հենց այս սովետական կոչվող համակարգում, հազիվ թե ուզում է փոխել այն, հազիվ թե այլընտրանք է տեսնում այդ համակարգին։ Այլընտրանք, ԳՈՐԾՈՒՆ այլընտրանք, ըստ էության, մեզ ԴԵՌԵՎՍ չի առաջարկում նաև Բալոնիան։

Բալոնիան պիտակ է, պիտակ է արևմտյան, եթե աշխարհագրորեն՝ եվրոպական, եթե խորը՝ հունա-հռոմեական, եթե քաղաքականացված՝ անգլո-սաքսոնական, եթե գլոբալացված՝ ընդհանուր զարգացումներում մեկուսացված չմնալու արժեքներին ինտեգրման մեր իրական ձգտումը բարձրագույն կրթական համակարգում իրապես կյանքի կոչելու համար համար։ Եթե գրեթե փակ են ինտեգրման այս գրեթե բոլոր կարևորագույն բաղադրիչները՝ քաղաքական կամք, տնտեսություն, սահմաններ, հանրային գիտակցություն, ցանկություն, ներքին պահանջարկ ու այդ պահանջարկը որակյալ բավարարել ունակ տարբեր ինստիտուտներ (ոչ կրթական), ապա հայտարարությունները զուտ հայտարարությունների մակարդակում են ու հայտարարություն անելու համար։

Մեկ այլ տարբերակ է, եթե վարչապետն առայժմ դեռ հայտարարությունների միջոցով է ունակ կոտրելու Բալոնիայի կողմնակիցների դեմ սովետական հակազդեցությունը։ ԲՈՀ-ով անցած մտավորականության միջին տարիքը փորձեք պատկերացնել։ Ի վերջո, հանրապետությունում ամեն ինչ դեռ լուծվում է անհատների մակարդակում։ Անհատականը լուծումների հնարավորությունը փոխանցում է բարոյական հարթություն ու ...։

Վարչապետն առայժմ տարկետում է վերցնում ԲՈՀ-ի հարցում՝ իր իսկ ձևակերպումների կուռ տրամաբանության շրջանակում, հետևաբար նաև՝ «միջազգային լավագույն չափանիշները» ներդնելու, «այս սովետական համակարգից ձերբազատվենք»-ի, «որպեսզի մեր բուհերի ընդհանուր վարկանիշը կտրուկ բարձրանա»-ի, «կարողանանք եվրոպական համակարգ ներդնել»-ու ու էլի շատ ու շատ հարցերում։

Հետաքրքիր է, ինչքան երկար է տևելու այս տարկետումը ...

Մարատ, ուրբաթ առավոտ, «Օրակարգի» համար դրդված։)

2 comments:

  1. Շատ դիպուկ հարցադրումներ են. իսկապես, ո՞վ ասաց, որ «բալոնյան» է անվիճելի ճշմարտությունը... ո՞վ ասաց, որ խորհրդային համակարգը միանշանակ վատն էր։ Ներկա համակարգի համեմատ հաստատ ավելի լավն էր։

    ReplyDelete
  2. Բոլոնիայի գործընթացը կրությունը կոնվեերի վրա դնելու փորձ է ու որպեսզի այլ կոնվեերը գոնե մի փոքր ու բոլորի համար ընդունելի որակյալ արտադրանք դա։ Ճիշտ նույն նպատակով, ինչ ԲՈՀ-ն էին ստեղծում։)  Բոլոնիայի գործընթացը մեզ համար հնարավորություն էր համաքայլ լինել զարգացումներին, որոնցով շարժվում են մյուսները։ Իհարկե, զարգացումները համաքայլ են հենց այդ մյուս երնրերի տնտեսական, հասարակական, քաղաքական, ինտեգրման հարաբերություններին։ Մենք պարզապես պիտի վազեինք նրանց հետևից։ Պարզապես մեր վերին էշելոններում ոչ այնքան խելացի գտնվեցին, որ սկզբնական շրջանում տրված գումարները կերան, հիմա էլ բավականին դանդաղում են ու ձև են տալիս, թե ինչ որ մի բան անում են, «գալոչկա» պիտի ստանան թե չէ, մյուս տրանշների համար։ Իսկ ընդհանահուր առմամբ՝ ինձանից լավ գիտեք, համալսարանակա կրթությունը սատկած է, նալերն էլ են քաշած, թե ինչ կլինի, գիտեք՝ Ատված գիտի։)

    ReplyDelete