Friday, July 22, 2011

Ինչո՞ւ է մոդելը ընտանիք

Ինձ ինչ-որ մեկը կբացատրի, ինչի համար է ընտանիքը: Ինչու է նվազագույնը օղակը, որի շուրջ համախմբվում է մարդ տեսակի ինչ-որ մի հատված, ընտանիքը: Ինչու է ընտանիքի կառուցվածքն այնպիսին, ինչպիսին է: Խնդրում եմ միայն՝ ո՛չ կենսաբանական ու ո՛չ սոցիալական հիմնավորումներ, առավել ևս էվոլյուցիոն ու հասարակագիտական, անգամ հասարակության պատմության տեսության շրջանակներում: Միգուցե դետերմինիզմը ամեն ինչ ունակ է բացատրել, հազիվ թե հոգուն նույն հաջողությամբ է հանգստություն բերում:

Մինչ կծնվեր Դավիթը, ընտանիքներում ու հատկապես գյուղաբնակ ընտանիքներում բազմազավակության պատճառի միակ հիմնավոր ու ամենաընդունելի բացատրությունը էժան աշխատուժի պայմանն էր: Որքան շատ են երեխաները, այնքան մեծ է տնտեսապես շահութաբեր բնատնտեսություն ստեղծելու ու վարելու հավանականությունը:

Մինչ Դավիթը կմեծանար, բնատնտեսության պարզունակ իմ ընկալումը վերափոխվեց տեսակի, իմ դեպքում՝ Յավրումյաններ տեսակի պահպանման ազնիվ մղման բացատրությամբ: Իսկ Դավիթը շարունակում էր մեծանալ, Սոնան նույնպես, ու ահա, ինչ-որ մի պահի, հոգին ինչ-որ մի զգացում սկսեց հուշել, հանդեպ նրանց ու հանդեպ ընտանիք կոչվածում նրանց գոյությանը, որը դժվար է բացատրել: Ոչ մի բան այլևս չի բացատրում, եթե բացատրում էլ է, ապա հոգուն հանգստություն չի բերում:

Ինչն է ընտանիքում միմյանց կապում այդքան տարբեր ու եսասեր բոլորին: Միայն չշտապեք պատասխանել՝ սերը, խնդրում եմ: Այդպիսի պատասխան չէ որ ակնկալում եմ, ուրիշ պատասխանի ակնկալիքով եմ փորձում ստիպել աշխատել ոչ միայն բթացած մատներիս, այլև՝ գորշ զանգվածին:

Ինչ-որ մի բան կապում է բոլորին: Այն փոքր է, մանր, միգուցե և մանրուք, ամեն դեպքում աչքի չէ, որ զարնում է ամեն քայլափոխի: Միգուցե այն պիտի զգալ, հոգով տեսնել, լսել, շոշափել, պատկերացնել, փորձել ընկալել ու չկարողանալ: Այն այն է, ինչ ի վերջո հոգուն հանգստություն է բերում կամ բերելու:

Հարց է՝ բերում է արդյոք:

Հարց է՝ ինչ պետք է անել, կամ պետք է անել արդյոք, այն ստանալու համար:

Ինչու է տեսակն ապրում ընտանիքով. բնատնտեսական, կենսաբանական, սոցիոլոգիական բացատրություններից բացի էլի ինչ-որ մի բան պիտի գոյություն ունենա: Բնատնտեսությունը, կենսաբանությունը, հասարակությունը փոխվել են ու փոխվում են, միշտ էլ արագ են փոխվել, չափազանց արագ, հազիվ թե արագությունները չափազանց արագ են միայն մեր այս խառը ՏՏ-տարիներին: Չէ որ ամեն ինչ մարդ տեսակի ընկալման վրա է հիմնված: Իսկ ընկալումներն ավելի պահպանողական են, եթե ոչ նույնական՝ բոլոր տարիների համար:

Ինչու է մոդելը ընտանիքը, որտեղ են մոդելի հիմնաքարային կապերը: Ինչու պիտի ընտանիքը լինի այնպիսին, ինչպիսին է: Ինչու պիտի ապրել ընտանիքի հետ, ընտանիք շտապել, ընտանիքի հետ նախաճաշել կամ ճաշել կամ ընթրել, ընտանիք կառուցել, պաշտպանել ու ... ու ...։ Բոլոր այս գործողություններն էլ ինչ-որ մի պահի հեշտությամբ կարելի է տարանջատել ընտանիք գաղափարից: Ինչն է այդ դեպքում «այն», ինչը մեզ էլի դեպի ընտանիք է ստիպում կամ մղում կամ մենք ինքներս ենք ամեն կերպ դեպի ընտանիք մեզ մղում: Կփոխի արդյոք շրջապատը կամ մեր տեսակը կամ չգիտեմ Ով կամ չգիտեմ Ինչը ընտանիք մոդելը:

Իհարկե, երբ սկսում էի գրել, գիտեի ինչու էի ուզում գրել ու ինչու էի հոգու հանգստության ու մանրուքների մասին գրում: Չգիտեմ ով՝ Աստված թե Սատանան մանրուքների մեջ է: Ընտանիքն էլ է մանրուքների մեջ, հոգին էլ:

Wer weiss schon Bescheid …

Հինգշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Հոգու հանգստությունը մեռելային դադար ու խաղաղություն չէ անպայման, այն նաև մղում է ու անդադար շարժ ու անհանգստություն:
--

4 comments:

  1. Աչքիս սա գրելու օրը սոված եմ մնացել ։) Գիտեք, ճանապարհը մենակ ստամոքսի միջով է լինում ։)

    ReplyDelete
  2. Չսիրեցի էս մեկը:((((

    ReplyDelete
  3. Մեր ընտանիքի մասին չէ Լիլիթ ։)))

    ReplyDelete
  4. Միևնույն է, չսիրեցի:)))

    ReplyDelete