Wednesday, July 6, 2011

Իրերի ընթացքը դու մի խախտիր, քուրմը կանչեց

Վերնագիրը, իհարկե, իմը չէ, թե ումն է, թողնում եմ Ձեր գուշակությանը: Ընթացքը հազիվ թե հնարավոր է խախտել, ընթացքն իր ընթացքն ունի, գործողությունների հաջորդականությունը, «միջամտող» գործողությունների հաջորդականությունը հենց այդ ընթացքի մեջ է: Լինելու է այն, ինչ լինելու է: Սա, իհարկե, մաս չէ նրան, ինչ հաջորդում է:

«Տեսանկյուն»-ը երևի նայում եք, ամեն դեպքում, պիտի որ նայեք, եթե տանը ինչ-որ մեկը նայում է դեբիլագույն ու շատերի ընտանիքների հիմքերը խարխլող գերապուշ «Աննան»: Սերիալները ուրիշ թեմա են:

«Տեսանկյունում» դիզայնն ինչ-որ սուր անկյունների վրա է խաղում, նաև սև ու սպիտակի հակադրության: Իհարկե, սիմվոլիկա է ու դրանով իսկ խորհրդանշական: Բայց սրանով սիմվոլիկան ավարտվում է, դատարկ կամ փուչ նշաններ են, չնայած նշանն իրենով իսկ դատարկ լինել չի կարող: Բայց թե դա «Տեսանկյան» համար չէ, նրանք հազիվ թե այդ ամենի մասին խորհրդածեին, չնայած դեբիլ չեն:

Հ1-ը վերջերս սկսել եմ հարգել: Կզարմանաք: Իսկ գիտեք ինչի համար, որ սկսել են գիտակցել որ իրենք հիմար են, ու փորձում են իրենց այդ հիմար կարգավիճակը փաթաթել ժողովրդի վզին: Դե բոլորով որ հիմար լինեն, ամենահիմարը բոլորովին այլ, արտոնյալ կարգավիճակ կունենա: Չէ որ հիմարությունը ինքն է գեներացնում, ակունքն է հիմարության:

Հարգում եմ, գիտակցել են ու գիտակցված ու նպատակադրված աշխատում են այդ ուղղությամբ: Կեցցեն տղաներն ու աղջիկները ու պիոներներն ու կոմերիտականները: Ափսոսում եմ միայն ծախսվող ժամանակը, ռեսուրսները, հիմարանալ չցանկացողների նյարդերն ու երկիրը, որը հանդուրժում է այս ամենը:

«Տեսանկյունը» ու «Հայլուրը», վերջերս հատկապես, բավականին հիամար-գրագետ քաղաքականություն են վարում: Չնայած քաղաքականություն ասածը մի փոքր գերգնահատական կլիներ նրանց համար, «բջությունը» ամենասազական բառն է նրանց համար, «կրուտիտի» տրամաբանությամբ: Փոքր դոզաներով ժողովրդի աչքին ընդդիմության թոզ են փչում: Ասել է թե, ընդդիմություն ու քննադատություն եք ուզում, խնդրեմ հրամեցեք պարոնայք ժողովուրդ: Ինչ է եղել, կարող ենք մեկ-մեկ էլ Գալուստ Սահակյանի վրայով քշել, մեկ է Գալուստին դրանից ոչ տաք, ոչ սառը, երկրին նմանապես, բայց թե ամեն ինչ, հարգելի ժողովուրդ՝ «քո թանկագին խաթեր համար, ուրբաթ օրը համեցեք տար»: Ընդ որում, որ ընթացքը շատ արագ, ու իրենց թվում է թե ժողովրդի համար աննկատ, տեղափոխվում է դեպի այն դաշտը, դեպի ուր քշում է ոչ այնքան հիմար նպատակադրությունը: Ասենք. Գալուստ Սահակյանը դեբիլ է, բայց թե ԼՏՊ-ն էլ պակասը չէ, նույնքան տհաս է, որ չի հասկանում, որ եթե մի անգամ մոնղոլ-թաթար է ասել, ուրեմն վերջ: Թքելու ու թքածը չլիզելու ժողովրդական հանրահայտ տրամաբանությամբ:

Պարզունակ է պարոնայք բութանկյուն «Տեսանկյուն», անգամ սև ու սպիտակ էլ չէ, ինչ-որ լղոզված, անորոշ, անգույն, դժվարանում եմ անգամ զանգված անվանել: Իսկ վերջում, ինչ-որ անունների ցանկ, թե իբր խմբագրական լուրջ կազմ է աշխատել մի քանի րոպե տևող այս թողարկման վրա: Սովետական արտադրության ֆիլմերից մեջբերումները սպանում են: Էլ չեմ ասում, որ գաղափարն էլ թխոցի է, այն էլ հին գաղափարի հիմար թխոցի: Դա մի կողմ: Մեջբերումներն էլ մի կողմ: Մի խոսքով՝ մի կողմ։

Կեղծ մարգարեների մասին լսած կլինեք: Եթե բախտ ունեցած լինեք ուսանած լինել ԵՊՀ արաբագիտության ամբիոնում ու լսել արաբական գրականության դասախոսություններ ու իսլամի պատմություն, ապա կեղծ առաքյալների ֆենոմենի հետաքրքիր վերլուծություն լսած կլինեք։

Նրանք մոլորեցնում են, նրանք լեգիտիմ չեմ, նրանք խոսքը/մարգարեությունը/հայտնությունը  տարածելու իրավունքը չունեն, լիազորված չեն, հայտնությունը, որը նրանք տարածում են, իսկականը չէ, մի խոսքով, այն չէ: Կեղծ մարգարեների մասին ոչ այստեղ, հայերենում «անկեղծության ու կեղծության» ձևաբանության մասին հիանալի մի գրառում կա բլոգում, Ս.Բ.-ի հեղինակությամբ, խորհուրդ կտամ չալարել ու թերթել, շատ կշահեք: Բայց թե նրանք վտանգավոր են, նրանք շեղում են իրականությունը տեսնելու ու իրականությունը իրադարձությունների ընթացքին ու շրջապատին համարժեք գնահատելու կարողությունից ու այլ, ինչ-որ ոչ համարժեք ուղղությամբ են ուղղում մարդկային ջանքերը: Ահա թե ինչու են նրանք կեղծ:

Կեղծ սուր անկյուններ, կեղծ սև-սպիտակներ, կեղծ իրականություն, կեղծ ջանքեր ...

Բանական միտքը ևս մեկ առավելություն ունի. այլընտրանք տեսնելու ու այլընտրանքն ընտրելու հնարավորություն ու ի վերջո, թերթելու ալիքը, հրաժարվելու Հ1-ից ու «Աննայից» ու չալարելու գնել ու տեղադրել արբանյակային տեսաընդունիչ ու նայելու, ասենք, ֆրանս-գերմանական Arte, որտեղ ֆրանսիական կայսերապաշտության մոլուցքը մարվում է գերմանական մեղավորության սինդրոմով ու արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ իրականությունը շատ թե քիչ մոտ է իրողություններին ու երբեմն նաև «Mit offenen Karten»:

Այնպես, որ եկեք թերթենք բթանկյուն Ալթունյանը ու նրա խմբագրական կազմը ու նաև «Աննան» ու նրա չստեղծագործական կազմը:

Քուրմը կանչեց ...

Երեքշաբթի իրիկուն, Մարատ
--

1 comment:

  1. Հ.Մ. Կանդիլջյան06 July, 2011 12:03

    Աննա հա՞՞՞՞՞, դզզզեց... Էտ ի՞նչի Աննա, բայց ոչ ասենք Անուլիկ, կամ Աննուշկա.... Հեսա տաքսի ծառայությունների անուններով սերիալներ են ներխուժելու եթեր...
    ԲԹԱՆԿՅՈՒՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ լավն էր..... Կորանկյուն տեսանկյուն էլ կլնի շուտով......

    ReplyDelete