Tuesday, April 5, 2011

Երևի թե սրա մասին էի ուզում գրել ...

Ուրբաթ իրիկունները վերջերս վերածվել են երկուշաբթի-երեքշաբթի իրիկունների, չգիտեմ ինչու է այդպես ստացվում, երևի ուղեղը շատ ավելի թարմ է լինում այդ օրերին։ Անցյալ փակցվածքը գրելիս կեսից մոռացա, ինչ էի ուզում, հետո հիշեցի, բայց արդեն իսկ գրել վերջացրել էի։ Չգիտեմ, ինչքանով կստացվի այս անգամ, բայց փորձը փորձանք չէ։

Բլոգում վերջերս սկսել եմ կարդալ մյուս բոլոր փակցվածքները։ Իմ հատվածով նշեմ՝ դրանք բոլորը գրված են զգացմունքային ինչ որ արտահոսքի պահին։ Դրանք իրավիճակային-զգացմունքային են, բայց ոչ անհիմն։ Պիտի հիշել, ինչի համար ես գրել, հակառակ դեպքում կարդալը դժվար է։ Ամեն դեպքում. բլոգի իմ ընկալումը գոնե հիմա այդպիսին է։ Հետագայում ինչ կլինի, դժվար է ասել։

Հիշել էի 1997 կամ 1999 թվականի աշնանային կիսամյակը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում։ Անցնում էինք փիլիսոփայության պատմություն։ Դասախոսի ազգանունը հիմա չեմ հիշում, բայց կարծում եմ մինչև հիմա նույն դասախոսն է դասավանդում։ Անունը նույնպես չեմ հիշում՝ Ֆելիքս, միգուցե։ Հիշում եմ միայն, որ այս դասընթացից սեմինար արեցինք, երևի միակ սեմինարը ուսումնառության իմ առաջին 4 տարիների ընթացքում։ Թեման, եթե ճիշտ եմ հիշում, փիլիսոփայությունը Հնդկաստանում, Չինաստանում, Հունաստանում, հայ փիլիսոփայական միտքը միջնադարում։

Մի հատ գիրք ունեի, փիլիսոփայության պատմություն, ամենահաստափոր գիրքը իմ գրադարանում։ Սկսեցի դրանով, հետո 5 րոպեից հասկացա, որ սա դժվար է սեմինարի թեմայի համար, ուստի մոտեցումը ուսանողական էր՝ լուծել րոպեական խնդիր, սեմինարը սղացնել։

10-րդ դասարանի դպրոցական դասագիրք գտա, կապույտ գույնի՝ փիլիսոփայության, որի առաջին 15 էջը հենց պատմություն էր։ 15 էջը հնարավոր էր անգիր («զուբռիտ») անել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Հենց այդպես էլ վարվեցի ու գնացի սեմինարի։

Աշուն էր, Երևանում աշունները հիանալի են, նույնքան հիանալի, որքան Բայրոյթում ու Կահիրեում։ Երևի աշունն ամենուր է գեղեցիկ։

Լսարանը Արամ Տեր-Ղևոնդյանի անվան գրադարանում էր, այն ժամանակ դա լսարան էր։ Պատուհանը հիշում եք, նայում է դիմացի բնակելիի բակին, որտեղ հիանալի ու շատ մեծ ու հաստաբուն մի ծառ կա, որը գեղեցիկ խշշում է։ Մենք երկրորդ հերթ էինք, իրիկունը ժամը 4-ի կողմերն էր, թեթև քամի ու ծառը խշշում էր։

Սեմինարը ես պիտի պատասխանեի, Մուսինյանը մեր խմբից չէր։)

Ես վերկացա, ու մի քանի րոպեում անգիր ասեցի իմ սովորած 15 էջը։ Բայց գիտեք ինչպես. նայում էի ծառին ու հիանում ծառով ու խշշոցով։ Ողջ այդ րոպեների ընթացքում մի վայրկյան անգամ աչքս չեմ կտրել ծառից, ականջս՝ խշշոցից։ Բայց չեմ էլ սխալվել մի բառ։

Դասախոսը չընդհատեց, միայն վերջում հարցրեց. «Տղա ջան, ուր ես նայում, ինչ հետաքրքիր բան կա էդտեղ»։

Դե ես միշտ էլ ամաչկոտ եմ եղել ու քաշվել դասախոսներից. ուսանողական այս վարվելակերպը մնում է մինչև հիմա։ Նրան նույնպես չպատասխանեցի։ Նա էլ ոչ մի կերպ չէր ընկալում, թե ինչու էի ես ամբողջ ընթացքում սևեռված մի կետի նայում։

Ես հիմա կամ ընդամենը մի քանի օր առաջ հասկացա, կամ գուցե էլի դեռ չհասկացա, թե ինչու էի այդպես վարվում։ Ինձ այդ պահին միայն ծառն էր հետաքրքրում, ես հոգնել էի թե համալսարանից, թե փիլիսոփայությունից ու գիտակցել, որ դրանցից և ոչ մեկը իր այդ ֆորմատում կամ ձևաչափում ինձ ոչ մի բան ունակ չէ տալու։ Այդ ֆորմատով նրանք անիմաստ էին. ծառն ու խշշոցը Թորոսի ջրերի կարոտն առնելու իմ տարբերակն էր։

Հոգնել էի երևի ես, այդ պահին, անիմաստության զգացումից, երևի ...

Հիմա այդ ծառն եմ անգամ կարոտում, հայացքը սևեռելու կետ գտնելն էլ է դժվարանում, չեմ հասկանում ...

Երեքշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Երևի թե սրա մասին էի ուզում գրել ...
--

5 comments:

  1. amen angam gratsnerd banasteghtsutyan nman em kardum. shat maqur u shat khory ban ka mejy, vory mi tesak siro khostovanutyan mnam taq u intim e, bayc mievnuyn zhamnak aveli tank u hin, qan mardy kam henc inqy sery:)))) shat lavn er

    ReplyDelete
  2. Ֆելիքսը՛ Առաքելյան Է կամ էր: Անիմաստությունների շարանը, իմաստնացնելու ունակություն ունի.... Իսկ դու մի'կ հոգնիր: Կան բաներ, որի իրավունքը քո տեսակը չունի:

    ReplyDelete
  3. Հա, հաստատ Առաքելյան է։) Ես մեկ, անգամ երկու գրառում եմ ունեմ, դեռ մտմտում եմ, դեռ պիտի մի քիչ հասունանա. Բարևներ

    ReplyDelete
  4. Anna Davtyan-Gevorgyan05 April, 2015 13:51

    Ծառը, խշշոցը, դու՝ սեմինար պատասխանելիս....էնքան պատկերավոր ես նկարագրել ամեն ինչ.... հրաշալի ես գրում...

    ReplyDelete