Wednesday, March 9, 2011

Անգամ մսաղացի մսի գնով ...

Առաջին անգամ չէ, երբ ինչ-որ բան գրելուց առաջ համարյա պատկերացում չունես, թե ինչի մասին է ի վերջո լինելու այն, ինչ Ս.Բ.-ն վերջերս սկսել է փակցվածք անվանել: Մոտավորապես պատկերացնում ես, ինչի մասին է դա, անգամ զգում, կոնկրետ դեպք կամ դեպքերի շարան գիտես դրա մասին սեփական ու ոչ սեփական «կյանքի փորձից», եթե վերջին այս կապակցությունն այստեղ տեղին է, բայց գրել կարծես թե չի ստացվում, որովհետև գրելը պարտավորեցնող է, մանավանդ, երբ հետին ինչ-որ գիտակցում կամ փառամոլություն գիտակցում ունես, որ միայն քո համար չէ որ գրում ես կամ ուզում ես գրել: Ամեն դեպքում ...

«Գուրկա» զինվորների մասին մի ֆիլմ էր. նեպալյան լեռներում ապրող երիտասարդ տղաների մասին, որոնց ու որոնց ընտանիքների կյանքի հիմնական, եթե ոչ ամենագլխավոր, նպատակը բրիտանական բանակում մսաղացի միս ծառայելու «մոլուցքային» երազանքի մեջ էր: «Մոլուցքայինը» հատուկ եմ չակերտների մեջ գրում, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը հիմալայան այդ գյուղերում այլընտրանք բրիտանական բանակին դեռևս չի առաջարկում: Սեփական կյանքը վտանգի ենթարկելով ընտանիքի՝ ծնողների, քույրերի ու եղբայրների, համար ավելի բարվոք կյանք առաջարկելը միակ այն ճանապարհն է, որը կյանքն առայժմ առաջարկում է այդ երիտասարդներին:

Ֆիլմը այդ ճանապարհը անցնել չհաջողած մի երիտասարդի մասին էր, որը հոր հետ տուն էր վերադառնում: Իսկ երիտասարդը չէր հաջողել, որովհետև գուրկա զինվորների համար բրիտանացիները նախատեսել են ընդամենը երկու սևացած ատամ ու մեկ լիցքով ատամ. իսկ բրիտանացիները պահը չեն կորցնում մարդու իրավունքներ քարոզելու համար :( Իհարկե, ես ավելորդ հույսեր, պատրանքներ չունեմ, կյանքն արդար չէ ...

Չհաջողելու շոկն այնքան մեծ էր, որ հայր ու որդու բերանը չէր բացվում, երկուսն էլ լուռ էին, անտանելի ճնշող լուռ ու երես չունեին միմյանց նայելու համար :( Ճանապարհին հայրն այլևս չդիմացավ ու որդու մոտ լացեց, թե «ինչ սև երեսով եմ տուն մտնելու ու կնոջս նայելու, մենք տղայիս հետ մեծ հույսեր էինք կապում»: Դուք որդու վիճակը պատկերացրեք, ով լսում էր այդ խոսքերն ու տեսնում հոր արցունքները ...

Ամեն դեպքում, հեշտ չէր, կարծում եմ ... երկուսի համար էլ: Երկու տղամարդ, որոնք ամեն կերպ փորձում են ավելի բարվոք պայմաններ առաջարկել ընտանիքին:

Ֆիլմի մեջ այս ամենը հմտորեն ուղեկցվում էր հիմալայան իրոք հիասքանչ բնապատկերներով. գյուղը պարզապես հրաշք էր, թեև հայկական, ոչ հիմալայան առածն ասում է. «Կուշտն ինչ գիտե սովաձի հալըն օր ...» կամ «Սեր էնողին սեյրան կըթվա»: Ամեն դեպքում ...

Ամեն կերպ ձգտման զգացումը Բայրոյթում ես մի քանի արաբների ու համարյա բոլոր չինացիների ու աֆրիկացիների մեջ եմ տեսել: Նույնպես արևելաեվրոպացի ու ռուս աղջիկների՝ ամեն կերպ արևմտաեվրոպացի տղաների հետ ամուսնանալու «մոլուցքի» մեջ: Հնդիկներ դեպքում «մոլուցքը» մի փոքր այլ էր, աշխատասիրության վրա հիմնված էր այն. մոտավորապես՝ «պիտի արժանի լինել ավելի բարվոք ապրելու առավելությանը»: Հնդիկների պես ու չափ ոչ ոք չէր կարդում ու աշխատում:

Մտածում ես կամ չես էլ մտածում, փորձում ես մտածել, ինչու են մարդիկ ամեն անգամ ուզում այն, ինչը դժվար է ու դժվարին ու բարդ ու առավելագույն ջանք ու եռանդ է պահանջում ու թույլ չի տալիս տեսնել հիմալայան բնապատկերները ու գնահատել, տեղին գնահատել ու արժևորել այն, ինչ կա շրջապատում: Իսկ շրջապատում հաստատ ինչ-որ մի բան կա, արժևորելու ինչ-որ մի բան հաստատ կա: Միգուցե քիչ է այն, բայց քիչն էլ է հարաբերական՝ ինչի՞ համեմատ, ի՞նչ մեծությամբ չափելիս, որտեղ է նորմը, որից ներքև քիչ է կամ որից վերև բավարար ու լավ է: Հիմար ու պարզունակ հարցադրումներ են, ոչինչ չասող ...

Հ.Մաթևոսյանի «Ծառերը» կարդացե՞լ եք: Չեմ բացառում, որ կարդացել եք: Իսկ ուշադիր ու դանդաղ, շատ դանդաղ, ամեն մի բառի շուրջ մի քանի անգամ մտածելով կարդացե՞լ եք: Կառաջարկեմ կարդալ, հենց այդպես կարդալ: Երբ շատ եմ կարոտում, կարոտում երևույթներին, մարդկանց, արևի բարկությանը, վառված խոտի հոտին, գիտեք արդեն ինչ եմ անում:

Կհարցնեք ինչ կապ կա Հրանտ Մաթևոսյանի ու գուրկա զինվորների ու այս փակցվածքի իմաստի ու «Ծառերի» միջև ...

Ինչո՞ւ են մարդիկ հանկարծ որոշում, որ՝ «այ հենց սա շատ ավելի բարվոք է, քան այն, ինչ ունեմ հիմա» ու ի՞նչ գին են պատրաստ վճարել կամ ջանք թափել «այ հենց սա»-ն ունենալու համար: Հիմար հարց է. պատասխաններ՝ ինչքան ուզեք: Ո՞ւմ կամ ինչի՞ համար են ապրում մարդիկ, ինչո՞ւ են ապրում նրանք, ի՞նչ պիտի անեն նրանք, կամ պիտի՞ անեն արդյոք ... ի՞նչ են մարդիկ միմյանցից սպասում, ակնկալում, կամ ինչո՞ւ են ակնկալում, ինչո՞ւ նրանցից ոմանք գիտակցաբար որոշում են կրել մյուսների կյանքի, գոյության, բարվոք գոյության նկատմամբ պատասխանատվությունն ու պատասխանատվության այդպիսի զգացումը վեր դասում ամեն ինչից ... անգամ մսաղացի մսի գնով ...

«Ծառերը» խորհուրդ կտամ թերթել ...

Շաբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Վերջերս մի քննարկման ժամանակ մասնակիցներից մեկն այնպիսի հավատով մի միտք արտաբերեց, որ չգիտես ինչու ինձ մի պահ թվաց, թե ես գտա մարդու գոյության իմաստի իմ պատասխանը: Իսկ միտքը մոտավորապես այսպիսին էր. «Մարդու գոյության այս տարիները ինչ-որ անհրաժեշտ փորձի [շատերը կենսափորձ, կյանքի փորձ, իմաստություն, ապրելու իմաստություն, կյանք կանվանեն սրան] ձեռքբերման տարիներ են, որը ՀԵՏՈ ու ինչ-որ մի ՏԵՂ ու ինչ-որ մի ԲԱՆՈՒՄ անպայման պետք է գալու»:
--

11 comments:

  1. Դպրոցական տարիներին մի միտք էի անընդհատ կրկնում (կարծեմ ես էի հորինել կամ լսել էի ու մոռացել,որ հեղինակը ես չեմ).եթե ամեն <> ունենար իր որովհետևը..Եթե...
    Դուք հարցնում եք(հավանաբար պատասխան չակնկալելով),թե ինչու են որոշ մարդիկ <>:Գուցե շատ եմ ազդված Քամյուի փիլիսոփայությամբ,բայց սրանք էն հարցերն են,որոնք ես ամեն օր ինձ տալիս եմ ու հասկանում,որ էտ զգացումը իրականում մեզ է պետք, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ,որ ՊԵՏՔ ԵՆՔ....

    ReplyDelete
  2. Մտածելուն տեղիք տվող արձագանք էր, չգիտեմ արդեն ումից, Ձեզանից թե Քամյուից ։) Ամեն դեպքում, պատասխանները պիտի հոգուն հանգստություն բերեն ...

    ReplyDelete
  3. Հասկանում եմ,որ էնքան էլ խելոք բան չէ ուրիշի մտքերը կրկնելը (չնայած խելոք լինելու հավակնություններ չունեմ) և ասեմ,որ արձագանքը իմ կողմից էր: Քամյուից ազդված լինելս նման հարցերի շուրջ հաճախ մտածելով և երբեմն նաև ծայրահեղության մեջ ընկնելով է արտահայտվում:
    Պատասխանելուց առաջ մեկ անգամ էլ կարդացի գրվածքը: Դուք հարցնում
    եք,թե ինչու են մարդիկ գտնում,որ «այ հենց սա շատ ավելի բարվոք է, քան այն, ինչ ունեմ հիմա»:Կարծում եմ` հարցը ոչ այնքան չունեցածի բարվոք լինելու,որքան էն գիտակցման մեջ է, թե ԵՂԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ,ուստի ցանկացած այլ բան,որին ծանոթ չես,ունեցածից լավ է թվում:
    Ո՞ւմ կամ ինչի՞ համար են ապրում մարդիկ հարցին պատասխանս հետևյալն է. մենք երբեմն ապրում ենք միայն այն պատճառով,որ չենք կարող չապրել,ուղղակի ՉԱՊՐԵԼՈՒ ՈՒԺ ՉՈՒՆԵՆՔ: (Այնպիսի եռանդով եմ փորձում պատասխանել Ձեր`իրականում պատասխաններ չուենցող հարցերին,ասես դրանք հենց ինձ են ուղղված):
    Շնորհակալ եմ,որ ևս մեկ անգամ այս հարցերի շուրջ մտածելու առիթ տվեցիք: Քանի որ մտքերը կարճ շարադրելու մշակույթին ավելի քան չեմ տիրապետում,ուստի խնդրում եմ ներողամիտ լինել երկար-բարակ գրելուս համար:

    ReplyDelete
  4. Ինձ թվում է, թե պատասխանները կարևոր չեն, կարևորը զգացումներն են այդ պատասխանները որոնելու ճանապարհին։ Մի օր ուրախ, մի օր տխուր, մի որ անորոշ, մի որոշ ավելի անորոշ ու այսպես շարունակ ... օրական զգացումներն անպետք են, երևի, դրանք շատ են կարճատև ու անիմաստ։ Ավելի երկար ընթացք եմ որոշել փնտրել. միգուցե և այդպիսին չկա, միգուցե և այն օրերի մեջ է, որոնք դեռ պիտի կարողանալ իմի բերել։ «Ծառերը» այդ առումով են հետաքրքիր ...

    ReplyDelete
  5. «...դրա համար էլ ասում եմ,որ խիղճը գազանի մեջ է գեղեցիկ, և փալաս մարդու խիղճը փսլնքոտ է»:

    ReplyDelete
  6. Մարատ ջան, երևի կարդացել ես, բայց մի հատ ել կարդա Քանյուի «Անկումը»։

    ReplyDelete
  7. Չեմ կարդացել, բայց փորձեմ, տեսնեմ արդյունքում ինչ դուրս կգա ։)) Փիլիսոփայություն չեմ սիրում ... իմ խելքի բանը չէ ։)

    ReplyDelete
  8. Երաժշտության պես է հնչում, համաձայնեք, դաժան ու դառը, բայց իրական ...

    ReplyDelete
  9. Արփի, երեկ կարդացի «Անկումը»։ Անընդհատ մտածում էի, ինչու եմ կարդում, հետո մի պահ թվաց, թե իմ մասին եմ կարդում, կարծում եմ բոլորին է թվացել, որ իրենց մասին են կարդում, հետո Քամյուի մտքի թելը կորցրեցի, հետո նորից գտա, հետո թվաց, թե մեղքերս եմ քավում դա կարդալով։ Վերջը, չգիտեմ, ինչ որ անորոշ զգացում էր։ Միգուց նրանից էր, որ ռուսերենն ինձ ոչ մի բան չի ասում, ինչ պիտի ասեր նմանօրինակ ստեղծագործություններ կարդալիս, միգուցե ես էի հոգնած (իրիկուն էր), չգիտեմ։ Բայց որ մեզանից յուրաքանչյուրը եսասեր է, դա հաստատ, քչերն են դա բացեիբաց ընդունում, դա հաստատ, ու ևս մեկ նմանություն. ես միշտ պնդում եմ, թե «հոգի ունեմ/ս աստծուն տալու» կամ «իմ հոգու հանգստության համար եմ անում (լավությունը կամ այն, ինձ որպես լավություն/բարեգործություն/լավ գործ/օգնություն/աջակցություն է թվում)»՝ երևի այս պնդումը Ատված մեղք համարի, երբ պահը գա հոգին տալու՝ ի վերջո դա էլ է եսասիրական։ Աստված Աստծու (մեղա, մեղա) ու Քամյուի հետ ։)

    ReplyDelete
  10.  


     Գուցե վատ բան եմ ասում,բայց ես էս գիրքը մի տեսակ Աստվածաշնչի նման եմ կարդում…Կարծում եմ`
    եսասիրությանդ ընկալումը,ինքդ քեզ խոստովանելն ավելի թեթևացնում են եսասեր ,դրանով իսկ վատը լինելուդ գիտակցումը…Չնայած էտ խոստովանությունն էլ ես ԵՍիդ համար  անում…չգիտեմ…





     

    ReplyDelete
  11. Մարիամ, ես խոստովանությանը չեմ հավատում, «հոգևոր/հոգու/մեղքերի  խոստովանության» մասին է խոսքը, նախընտրում եմ մեղքեր չգործել, կամ եթե գործում եմ, ուրեմն չեմ գիտակցում, որ գիտակցեմ կամ հաստատ չեմ անի, կամ այնպիսի խղճի խայթով կգործեմ, որ խոստովանությունը գլուխը պատովն է տվել։ Եսասիրությունը, չգիտեմ, ինչ-որ միշտ բացասական լույսի տակ է նայվում. եթե եսասիրությունում մի փոքր անհատական/անձնական արժանապատվության տարր կա, ապա եսասիրությունը նորմալ է, աշխարը եսակենտրոն է, ամեն ինչ եսակենտրոն է, սկսած դերանվանական համակարկից, վերջացրած դեյկսիսով։ Չնայած ես եսասեր եմ ։))

    ReplyDelete