Saturday, March 5, 2011

ԵՐԿՈՒ ԽԵՂԿԱՏԱԿ

Մի 2-3 շաբաթ առաջ հարցազրույց էի նայում, որտեղ գիտության հետ առանձնապես կապ չունեցող դեմքով մի երիտասարդ, գունազարդ ու պատկերավոր ներկայացնում էր իր բուռն կյանքի նունքան բուռն ուղին, մասնավորպաես, թե ինչպես է հերքել նյուտոնյան ֆիզիկան ու Էնշտեյնի հիմնարար ուսումնասիրությունները, ինչպես է ինչ-որ աստղ հայտնագործել, ինչպես է պատրաստվում Հայաստանը դարձնել տիեզերագնացության համաշխարհային կենտրոն...

Հասկանալի է, անմիջապես ընդհատեցի հարցազրույցի դիտումս, որովհետև տհաճ է լսել, թե ինչպես է մեկը 30 րոպե անընդհատ գովում իր դատարկ գլուխն ու կոտրտված հայերենով խոհափիլիսոփայում ինչ-որ ապուշություններից։

Մի խոսքով, անջատեցի Նյուտոն-ծաղրածուին ու մոռացա նրա գոյության մասին, որովետև նորմալ մարդուն, ում կրթությունը գերազանցում է գոնե թերի միջնակարգը, հարիր չէ իր միտքը ծանրաբեռնել նման դատարկաբանություններով, մանավանդ, որ ընդամենը երկու օր անց կարդացի երիտասարդ ֆիզիկոսների բաց նամակը այդ հարցազրույցի վերաբերյալ, որտեղ շատ մանրամասն ու հանրամատչելի լեզվով (այնքան հանրամատչելի, որ հասկանալի կլիներ անգամ Հրանուշ Հակոբյանին) տրվում էր Արթուր Պողոսյանի ախտորոշումը։

Սակայն, Հայաստանը զարմանալի երկիր է՝ լի անակնկալներով։ Օրինակ, այստեղ մարդիկ իրենց կարիերան սկսում են որպես պարտիական ակտիվիստներ, ում կյանքի իմաստն ամփոփված է կոմունիզմի սրբազան կարգը հավերժացնելու մեջ։ Այնուհետ՝ հեղափոխությունից հետո, նրանք տրանսֆորմացվում են կրքոտ ազատականի, ում խորթ են բոլոր արժեքները բացառությամբ լիբերալիզմի։ Եվ, ոտնահարելով բարոյականության ու տրամաբանության բոլոեր օրենքները, նույն անձն ընդամենը մի քանի տարի անց դառնում է Նժդեհի, ցեղի, գենի, ու նմանատիպ այլ անհասկանալի բաների երկրպագու։ Համաձայնվեք, որ աշխարհի ուրիշ ոչ մի նորմալ երկրում նման փոխակերպումներ հնարավոր չեն։

Բայց սա միայն սկզիբն է։ Այդ նույն մարդը ինչ-որ հրաշքով հաջողացնում է ստեղծել ինչ-որ անիմաստ նախարարություն (փոքրիկ Հայաստանում նախարարությունների թիվը հասնում է 18-ի, մինչդեռ ԱՄՆ-ի նման ահռելի պետությունում դրանք ընդամենը 15-ն են), որի աշխատանքները նույն արդյունավետությամբ կարող էր անել ինչ-որ միջին վարչության ինչ-որ փոքր բաժին։

Եվ այս ամենից հետո այդ մարդը (եթե դեռ չեք կռահել, ապա դա Հրանուշ Հակոբյանն է) հպարտորեն իր մոտ է ընդունում վերընշված «ականավոր գիտնականին», պատվում նրան ամենաբարձր մակարդակով, և անգամ հպարտությամբ հայտարարում դրա մասին ի լուր ողջ աշխարհի...

Հասկանալի է, Արթուր Պողոսյանն այս ամենում ոչ մի մեղավորություն չունի. նա ընդամենը գիտնական է (թեկուզև մի քիչ ցնդած), որ խոսում է իր հայտնագործությունների մասին։ Փոխարենը, անհասկանալի է, թե ինչպես է Հրանուշ Հակոբյանը ընդունում այդ ամենը հալած յուղի տեղ, մեծարում Արթուրին որպես «հայազգի տաղանդավոր գիտնական» ու դրանով իսկ նպաստում բթամտության ու տգիտության սփռմանը։

Ես, իհարկե, չեմ գերագնահատում Սփյուռքի նախարարի մտավոր կարողությունները, բայց մի՞թե դրանք այնքան սակավ են, որ Հրանուշ Հակոբյանը չի կարողանում «տաղանդավոր գիտնականի» մտքերում վերծանի սուտն ու կեղծիքը։ Կամ էլ մի՞թե ողջ Սփյուռքի նախարարությունում չգտնվեց որևէ մեկը, որ կկարողանար կողքից հուշել, թե իրականում ո՞վ է Արթուր Պողոսյանը և ի՞նչ են նրա մասին մտածում հեղինակավոր մարդիկ։

Այս հարցադրմանը հետևում է տրամաբանական երկու եզրահանգում։ Կամ Սփյուռքի նախարարությունը լի է մարդկանցով, ովքեր լուրջ խնդիրներ ունեն տարրական ֆիզիկայի իմացության, և, ընդհանրապես, տրամաբանական մտածողության հետ, կամ էլ Սփյուռքի նախարարուհին ուղղակի թքած ունի ողջ հայ ժողովրդի վրա և կանխամտածված ձևով բթացնում է յուր ազգին։

Երբ երևելի նեոնժդեհականներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը կիսախուփ աչքերով ինքնամոռաց սկսում են բարբաջել ցեղի, գենի ու հայ ազգի շլացուցիչ անկրկնելիության մասին, դա դեռ ոչինչ։ Տանելի է անգամ, երբ Սերժ Սարգսյանն ինչ-որ անհասկանալի բաներ է ասում հայ լեզվի հնության մասին՝ ակամա մեջբերումներ անելով մեկ այլ «տաղանդավոր» պատմաբանի՝ Պարիս Հերունու ընտրանիից։

Բայց երբ պետական մակարդակով փառք ու պատիվ է տրվում տգիտության նման դրսևորման, դա արդեն նմանվում է ողբերգության, որի գլխավոր դերակատարը ողջ հայ ժողովուրդն է։

Ուրբաթ իրիկուն, Հայկ
--

3 comments:

  1. Սփյուռքի նախարարության մասին հետաքրքիր մի տեսակետ էինք ժամանակին տպել «Կապիտալում»՝ երկու մասով
    Մաս 1 - http://www.cdaily.am/home/paper/2009_02_14/news/6349/
    Մաս 2 - http://www.cdaily.am/home/paper/2009_02_20/news/6749/
    խորհուրդ կտամ, ժամանակ գտեք նայեք։

    ReplyDelete
  2. http://armen-mkrtchyan.blogspot.com/2011/03/blog-post_40.html :)))

    ReplyDelete
  3. Զարմանում եմ, ինչու է հասարակության ու բոլորի ուշադրության կենտրոնում ինչ որ Արթուր Պողոսյան ու բոլորը սևերված քննարկում են, թե ինչ է ասում նա, կամ նույն սփյուռքի նախարարը։ Անկախ մեզանից մենք մեր քննարկումներով բոլորի ուշադրությունը կրկին հրավիրում ենք հիմար ու ապուշ իրերի վրա, ոչ անգամ երևույթների։ Իսկ հեռուստատեսությունը, մանավանդ Հայլուրն ու Հ1-ն, դե արդեն պարզ է, քննարկելու բան էլ չկա։

    ReplyDelete