Friday, August 5, 2016

Մի ուրբաթ իրիկուն...

Ճակատագրի հեգնանքով այն, ինչ կատարվեց Մարատի հետ, հենց ուրբաթ երեկոյան էր...

Այնպես էր ստացվել, որ իմ առաջին մուտքը ցանցային մատյանների աշխարհ կատարվել էր Մարատի շնորհիվ, 2010-ին՝ այժմ արդեն հանրաճանաչ «Ուրբաթ իրիկունն» էր, որտեղ նա հրավիրեց ինձ մտքեր ցանցագրելու։ Տարբեր պատճառներով, բայց իրականում իմ էթնիկ պատկանելությանը հատուկ՝ ցանկացած գործում բուռն մեկնարկին հաջորդող աստիճանական սառեցման պատճառով, առաջին մի տարուց հետո քիչ-քիչ դադարեցրի գրառումներս։ Վերջին ամիսների ընթացքում շարունակ մտմտում էի վերսկսել գրառումներս, շատ բան կար ու կա ասելու, մի քանի հարթակ փորձեցի ցանցային («Ուրբաթն», ինձ թվում էր, շատ անձնական տարածք էր դարձել և մի տեսակ անհարմար էի զգում հազարից մեկ այցելող հյուրի պես մտնել ու բան գրել), բայց միշտ հետաձգում էի, որ ունայն գործերից ազատվեմ՝ հետո, որ հապճեպ չլինի, հապճեպի համար դե Ֆեյսբուք կա, հա հարցնում է What's on your mind?, դու էլ մտքիդ եկածը կամ եղածը գրում-տարածում ես։

Էլի կհետաձգեի, եթե չլիներ այս չարաբաստիկ ուրբաթ իրիկունը՝ հուլիսի 29-ը, և այն, ինչ պատահեց, ու ստացվեց այնպես, որ դարձյալ Մարատը դրդեց ինձ վերադառնալ, ինչպես ասում են, «բլոգոլորտ»...

Իմաստ չեմ տեսնում անդրադառնալ կատարվածին՝ այնքան գրվեց ու տարածվեց աշխարհով մեկ, որ կարծում եմ՝ որևէ մեկը չմնաց, որ իր աչքով չտեսնի ու սահմռկի այն անմարդկային գազանությունից, որ տոնտոն-մակուտաները դրսևորեցին Մարատի նկատմամբ՝  34 հազար 907 հոգի առ այս պահը կարդացել է մեր հայտարարությունը կատարվածի վերաբերյալ։ Եղավ անգամ այս՝ ինձ համար անակնկալ հայտարարությունը։ Եղավ նաև մեր օրերի համար ոչ շարքային այս քայլը՝ «Յավրումյանի հիվանդանոցային բուժման բոլոր ծախսերը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն է հոգացել»։ 

Շատ բան եղավ, որ հույս ներշնչեց։

Բայց այս ամենի ֆոնի վրա մի բան մնաց անփոփոխ՝ Մարատի ասած «#հիմնարկը», որը նա շատ է սիրում, և շատ սիրելուց ուզում է, որ «հիմնարկ» չլինի՝ լինի համալսարան, բարդ ու հակասական, բայց ազատ ու մտածող մի միջավայր, ու բարկանում է իրավամբ, ու պահանջում է իրավամբ։ Ու ինձ համար պարզից էլ պարզ է, որ ինչ-որ բան կփոխվի միայն այն ժամանակ, երբ վախվորածության և զգուշավորության քայքայիչ ճիրաններից ազատվելով՝ համալսարանը  թոթափի «հիմնարկի» շագրենի կաշին և կրկին դառնա համալսարան։ Բայց դեռ լուռ է... Բայց ես, անուղղելի լավատես լինելով, մտածում եմ, որ գուցե հուսադրո՞ղ է, որ ընդամենը լուռ է... Կգա սեպտեմբերը՝ կերևա...

Սամվել Կարաբեկյան, ուրբաթ իրիկուն
--

No comments:

Post a Comment