Saturday, April 2, 2016

Ինչ-որ սվվոց, ինչ-որ գոռոց։ Վերջ։

Առավոտ էր։ Րաֆֆու հայտնի առավոտից էր։ Գիշերը օդանավակայանից էի եկել, պետավտոտեսուչի հետ մի քիչ զրուցել էինք։ Ինքը փոշմանեց ու ինքն էլ որոշեց որ չի տուգանելու։ Չնայած ես փողոցը հակառակ ուղղությամբ էի քշում, կանգառի տեղ չկար, իսկ վճարովի ավտոկանգառում ոչ մի դեպքում չէի ուզում կայանել։ Գումարը քչություն էր անում։ Ի վերջո այնտեղ էլ կայանեցի։ Ճանապարհին արագաչափերն էինք հետ հաշվել։ Որդիս էր, մեքենայի հետևում։ Կեսից հաշիվը կորցրեցինք։

Առավոտ էր։ Րաֆֆու հայտնի առավոտից։ Ձիավորներ չէին երևում տան պատուհանից։ Մառախուղ էլ չկար, թեև բուսաբանակաի վրա մի թեթև մշուշատիպ ամպ էր։ Երևի եղյամն էր գոլորշիանում արևի առաջին ճառագայթների հետ։

Առավոտ էր։ Մեքենայաբար ձեռքը դեպի հեռախոսը ձգվեց։ Պարզվեց ամբողջ գիշեր մարտեր էին եղել։ Պաթոսը, իհարկե, խեղդում էր, գրում էին ու գրում, ու ոչ տառերի, ոչ էլ տողերի արանքում ոչ մի բան հասկանալ հնարավոր չէր։ Սուրճ։ Քաղցրավենիք։ Դե առավոտ էր։ Անելու բան էլ չկար։ Րաֆֆին էլ ուղեղիդ գալարներն է հաշվում։

Գիշերը սառն էր եղել, շարժիչը սպասվածից շատ էր շրխկում։ Յուղը խաբել էին։ Գիտեի, որ խաբելու էին, ու սպասում էի, թե դեմքի ինչ արտահայտությամբ ու խղճի ինչպիսի տանջանքով էին այդ անելու։ Դեմքի ոչ մի մկան չշարժվեց։ Յուղը փոխել է պետք։

Ճանապարհը լիքն էր, օրը շաբաթ էր  ու աշխատանքային՝ Զատկի մեռելոցի փոխարեն։ Խցանում էր։ Կորյունում ռազմական շտապ օգնության մեքենաներ կային, դե հայտնի Ուազիկները, ռազմական կանաչով։ Շրջադարձում էին ու շրջադարձում, փողոցի կեսից, հիվանդանոցի դիմաց։ Մայթին զինվորականն էին, շատ էին, խոսում էին, բջջայիններով ու վերուվար անում։ Շրջադարձից հետո փողոցն ազատվեց։ Ուազիկներն էին պատճառը, պարզ էր։

Ուազիկները հեռախոսի մարտերից էին Երևան հասել։ Ամբողջ գիշեր երևի քշել էին։ Մարտերը պաթոսից իրական Ուազիկների վերածվեցին։

Աշխատանքի բարձանալը կարճ տևեց, չնայած Րաֆֆու առավոտը սիրուն էր, սառը, փայլող ու չտաքացնող արևով։ Համակարգիչ, լուրեր։ Լուրեր, լուրեր։ Պաթոս։ Պաթոս։ Կոչեր, հորդորներ, պաթոս, պաթոս, պաթոս։ Խփված ուղղաթիռ։ Ու սպասում։ Չգիտես ինչի։ Բայց սառը, բանական, գիտակից վախ։ Ավելի շուտ ափսոսանք հիշեցնող զգացում, մի՞թե սա է լինելու։ Շրջադարձող Ուազի՞կ։

Ու կոչեր, մի գրեք, խուճապի մի մատնվեք, ապատեղեկատվություն մի տարածեք։ Լավ է, ամեն ինչ լավ է։ Մենք հակահարձակման ենք անցնում... Պաթոսն այս պահից արդեն կանխատեսելի է։ Լացացնելու ենք ինչ որ մեկի մայրը, մի ամբողջ քաղաք այրան մեջ խեղդվելու է, ուխադրուժ թշնամին, չէ, սա այլ տարիներից էր։ Պաթոսը դեռ երեկոյան է սկսվելու, հեռուստատեսությամբ։ Րաֆֆու մոտ իրիկուն կա՞ր, չեմ հիշում ինչ որ։

Ու գալարներում ինչ որ բան շրխկաց։

Ուազիկները հետո շատացան, շատ շատացան։ Շատ էինք ոգևորվել սեփական հիմարությամբ։ Խաղաղ լսարաններից բացի ոչ մի բան չէինք տեսել։ Օգուտը քիչ էր մեզանից։ Ինչ-որ սվվոց, ինչ-որ գոռոց։ Վերջ։

Շաբաթ, առավոտ
--

No comments:

Post a Comment