Wednesday, December 24, 2014

Այլ կերպ չի էլ կարող

Չի ստացվելու, ի սկզբանե եմ ասում։ Գիտե՞ք ինչու. խոսքը, ավելի շուտ բառը, կորցրել է իր նշանակությունը, ինչ-որ բան նշանակելու նշանակությունը։ Այն իմաստ չունի։ Այն կորել է քանակի մեջ, տպագրության մեջ, բոլորի մեջ։ Կորել են մարդիկ, որոնք ընկալում էին խոսքը։ Այն արժեզրկվել է։ Գին չունի։ Ավելի շուտ ունի, հստակ գին ունի։ Ու դրանից է արժեզրկվել։ Թացը չորի հետ է խառնվել, սպիտակը սևի, բարին չարի ու ամեն ինչ է խառնվել։ Ինչո՞ւ գրել։

Չգիտեմ։ Այսքան չգիտեի 1995-ին, երբ երրորդ կամ երկրորդ անգամ Երևանում էի հայտնվել։ Ու ամեն ինչ խորթ էր, ոչինչ հարազատ չէր, բացառությամբ Սասունցի Դավթի։ Դավիթը հավերժ է, չքնաղ, սիրուն, հրաշք։

Հիմա էլ չգիտեմ, հիմա էլ է խորթ։ Խորթ են ցանկությունները, ձգտումները, ապրելու մղումը։ Գործը չեմ էլ ասում։ Գործը հասկանալի չէ անգամ։

Երբեմն ծանր է, երբեմն դժվար, երբեմն անտարբեր, երբեմն հուսահատ, ավելի հաճախ՝ տխուր։ Տխուր քո ու մյուսների համար։ Ծնողների համար ու երեխաների։ Չես էլ հասկանում, ինչու է ծուռ ու ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ, երբ կարող էր հակառակը լինել։ Միգուցե չէր էլ կարող ու կա այն, ինչ պիտի լիներ ու է իրականում։

Չեմ էլ հիշում, չէ՝ գիտեմ, ինչու չկամ ես այս ամենում։ Քանդել չեմ սիրում ես. այն հետաքրքիր չէ։ Սեփական ձեռքերով կառուցելը ավելի հետաքրքիր է, այն մտածել, ստեղծագործել, որոնել, ձգտել, ի վերջո, ստեղծել է թույլ տալիս։ Արարչային տվայտանքնե՞ր են։ Մարդկային, մարդկային, ոչ ավել։ Հասարակ, պարզ, սովորական։

Չեմ սիրում խոսել։ Ինչ-որ մեկը (հանճարեղ մեկը) հորդորում էր՝ զուսպ։ Երևի ինձ։ Չէ, հաստատ ինձ։ Մինչ այդ ես «համեստ» էի կարծում, բայց, պարզվում է, զուսպ։ Այն դու ես ու դու։ Ու ապրում եք։

Չէ, չգիտեմ։ Չգիտեմ։ Երևի լավ է լինելու։ Այլ կերպ չի էլ կարող։ Տարբերակ կա, իհարկե, շատ կա, բայց միևնույն է, լավ է լինելու։

Չորեքշաբթի իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment