Monday, March 29, 2010

ՏՏ-ի, տպագիր մամուլի ու ռեֆլեքսիայի մասին


Տեխնոլոգիաների մասին կարդալ միշտ էլ սիրել եմ, ոչ միայն տեղեկատվական, այն դրանց մի մասն է միայն, չափազանց հետաքրքրի, հեռանկարային, գոնե առաջիկա տասնամյակում զարգացման դեռևս մեծ ներուժով ու մեկ կարևոր առավելությամաբ. ոչ մեծ մասնագիտական նախապատրաստվածությամբ, սակայն մեծ ցանկությամբ կարելի է ինչ որ սահմանի հասնել, որը թույլ է տալիս հետևել ոլորտի զարգացման ընդհանուր միտումներին ու գլուխ հանել դրանցից։ Սրա հետ մեկտեղ, ՏՏ ոլորտին, ավելի շուտ մեր, հայաստանյան ՏՏ ոլորտին մեկ բան է պակասում, այն հետաքրքրված չէ, ավելի շուտ իր «մակարդակից» ցածր է համարում ուշադրություն դարձնել դեպի հումանիտար միտքը, հումանիտար գիտելիքը։ Ապրում ու «զարգանում» է ինքն իրենով, հպարտ իր ստեղծած ամպային միջավայրում ու KDWin-ով։ Հուսամ կգա ժամանակ, որ կհասկանան որ այսօրվա ՏՏ-ն իրականում ոչնչով չի տարբերվում, պատմականության սկզբունքի պահպանման դեպքում, իհարկե, ասենք անիվի, ուղտի թամբի հայտնագործման տեխնոլոգիաներից, կամ տպագրության տեխնոլոգիայից (ժամանակի գլոբալ հետևանքներով). այն գործիք է, որը որոշակի առավելություններ է ապահովում գոյություն ունեցողների համեմատ։ Ես երբեք, ոչ մի քննարկման ժամանակ հայկական ՏՏ ոչ մի ընկերությունում հարցադրման նման տեսակետ չեմ տեսել։ Ինչ որ անկապ համաշխարհային միտումներից են խոսում։

Friday, March 26, 2010

Ի՞նչ անել

Ռուսական «Культура» ալիքով ամեն կիրակի, կեսօրին մոտ, հետաքրքիր մի հաղորդում կա, կոչվում է Что делать?։ Հավաքվում են իրոք խելացի փորձագետներ ու իրոք խելացի բաներ են խոսում ռուսական հասարակությանը հուզող թեմաների մասին։ «Ի՞նչ անել» հայերեն թարգմանությունը կարծում եմ տեղին չէ, շատ ավելի համապատասխան է երևի թե «Ինչպե՞ս վարվել» տարբերակը։
Հարցադրումը տեղին է հայաստանյան իրականության համար, ինձ ավելի շուտ դրա ոչ գլոբալ, ողջ համաշխարհային նշանակության կամ հայ-թուրքական կարգավորումների կտրվածքն է հետաքրքրում։ Ռուսական հեռուստահաղորդման լրջությանն էլ չեմ հավակնում։))) Պարզապես պարզ այս հարցադրումն այնքան էլ պարզ չէ։ Իսկ կտրվածքն իմ դեպքում ավելի փոքր է, նեղ, միգուցեև աննշան, ճղճիմ։ Այն անհատների մասին է, անհատների ու հասարակության մասին։ Ինչպես են անհատներն ընկալում այդ հասարակությունն ու ինչպես են իրենք տեղավորվում այդ հասարակության մեջ։

Wednesday, March 24, 2010

Թարգմանությունների ու դրանց կարևորության մասին

Չգիտես ինչու մեր հասարակության մեջ չափազանց «արգահատելի» (ֆիլմն ու հերոսին հիշեցիք երևի) է վերաբերմունքը թարգմանությունների նկատմամբ։ Ընդ որում, սա մի հասարակության մեջ, որտեղ Թարգմանչաց տոն են նշում կամ չեն նշում, բայց այդպիսին կա։ Վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը նվազագույնը անհասկանալի է։

Monday, March 22, 2010

Հայ բլոգերների, բլոգոսֆերայի ու նորարարության մասին

Շաբաթ, ինչպես միշտ համալսարան գնալուց հետո, գնացի մի հանդիպման, որը կազմակերպել էին էլ չեմ հիշում ով, բայց հայ բլոգերների հանդիպում էր, մոտավորապես այսպես կարելի է բնութագրել։ Հանդիպումն առաջինը չէր, նրանք մեկ անգամ էլ էին հանդիպել, մի քանի ամիս առաջ, բայց ես այն ժամանակ դեռ բլոգեր չէի, հիմա էլ չեմ, պարզապես օրագիր եմ վարում։) Նրանք բլոգները մոնետարիզացնելու ինչ որ ինտերնետ նախագիծ էին մշակել ու դա էին ներկայացնում։

Wednesday, March 17, 2010

Թևաթափ լինելու ու «հարցեր լուծելու» մասին

Խոսքն այս դեպքում հրեշտակների թևերի մասին չէ, մազաթափության կամ փետուրաթափության հետ էլ կապ չունի։ Այն ավելի շուտ թռչունների թևերի հետ կապ ունի։ Հիշում եմ, տատս կտրում էր բադերի թևերը, դրանք ընտանի բադեր էին, որ աշնանը չթռչեին մեր ցուրտ կողմերից։ Այդ բադերին կարծում եմ շատերս ենք նմանք, կտրված թևերի մասով։ Մի փոքր ավելի ուշադիր է պետք նայել շրջապատին ու մի փոքր էլ գլուխ հանել մարդկանցից, նման թևաթափ մարդկանց ամեն քայլափոխի կարելի հանդիպել։ Տարբերությունը բադերից նրանում է, որ մարդկանց մոտ խոսքն «անօգնականության» մասին չէ, անգամ «անճարության» մասին չէ։ Սրանք իրավիճակներ են, որոնցից շատ արագ, ոչ այնքան հեշտ, բայց կարելի է գլուխ հանել։ Ավելի վատ գիտակցումն է, հեռանկար չտեսնելու գիտակցումը։ Չնայած սա էլ է հարաբերական։

Saturday, March 13, 2010

Մարդկանց, սպառման, ծննդավայրի ու ընկերների մասին


Իմ մոտ վերջին տարիներին չափազանց հետաքրքիր, նաև ու առաջին հերթին իմ համար հետաքրքիր, մոտեցում կա շրջապատի նկատմամբ։ Ընդ որում, տարբերություն չկա, մոտեցումներում տարբերություն չկա, արդյոք այդ շրջապատը սոցիալական է, այսինքն բաղկացած անհատներից, թե իրեր են։ Երկու դեպքում էլ մոտեցումը սպառողական է։ Ինչ նկատի ունեմ սպառողական ասելով։ Վերջին տարիներին, իսկ միտումը կարծում եմ Արևմուտքում շատ ավելի վաղուց է գալիս, ամեն դեպքում 1970-ականների հասարակական գիտություններին այս կամ այն կերպ առնչվող գրքերում շատ հաճախ խոսվում է այդ մասին, ընդհանրապես հայ հասարակության վերաբերմունքն է շրջապատի նկատմամբ սպառողական։ Բոլորը ձգտում են ինչ որ բան վերցնել, դրա դիմաց շատ չնչին բան առաջարկելով։ Սա միգուցե և ռեսուրսների սղությունից է գալիս, քանի որ տալու բան չկա, կամ միգուցե եղած ռեսուրսները խնայելու անհրաժեշտությունից, որովհետև ապագան է անկանխատեսելի ու անորոշ, միգուցե և մարդիկ են փոխվել միմյանց ու շրջապատի նկատմամբ իրենց վերաբերմունքում։ Միտումը վտանգավոր է, վտանգավոր է, երբ նյութական արժեքների տիրույթից տեղափոխվում է հոգևոր արժեքների աշխարհ։

Wednesday, March 10, 2010

Համալսարանն ու էլեկտրոնային կառավարումը

Այսօր կեսօրին, ինչպես միշտ, շտապում էի համալսարան. չորրորդ կուրսեցիների մոտ արաբերեն ունեի։ Ամբիոնը ինչ որ տարօրինակ դատարկ էր, այդ ժամին, սովորաբար, կանգնելու տեղ անգամ չէր լինում։ Հետո հանկարծ աչքիս ընկավ մի հայտարարություն. ժամը 13-ին ֆակուլտետի նիստ, կամ ինչ որ նման մի բան։ Ամեն դեպքում հավաքվել էին ֆակուլտետի բոլոր դասախոսներն ու ինչ որ բան էին քննարկում։ Թե ինչ էին քննարկում, այդպես էլ պարզ չդարձավ. ես ներս մտա, երբ արդեն նիստը ավարտվելու վրա էր։

Saturday, March 6, 2010

Մամուլի ու խոսքի ազատության մասին

Խմբագրությունում մի լրագրող է աշխատում, Արփին, որը հարցազրույցների շատ հետաքրքիր մի շարք ունի հայ մտավորականների հետ, տարբեր թեմաների շուրջ՝ հասարակություն, խոսքի ազատություն, իշխանությունների նկատմամբ հասարակության ու անհատների վերաբերմունք, այսօրվա իրականությունը հասկանալու մտավորական բաղադրատոմսեր և այլն։ Հարցազրույցները հետաքրքր են նախ նրանով, որ հետաքրքրի է Արփիի իրականության ընկալումը. նպատակադիր էությունն ու հարակությունը ինչ որ կերպ փոխելու նրա ցանկությունն անմիջապես դրոշմվում է հարցազրույցների վրա։ Ու ով մի փոքր կիսում է այս լավատեսությունն ու նույնպես փոքրիկ մի ցանկություն ունի ինչ որ կերպ փոխել այսօր իշխող անտարբերության, ամեն ինչի վրա «թքած ունենալու» տրամադրությունները, Արփիի հետ նույն բանակում է։

Wednesday, March 3, 2010

Աշխատանքային ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին

Առավոտյան ուզում էի այս թեմայի շուրջ երկար ու շատ երկար փիլիսոփայել, բայց այնպես ստացվեց, որ մինչև ազատ ժամանակ կլիներ փիլիսոփայելու, դուրս եկա։ Մինչև նորից մոտեցա համակարգչին, միտքս արդեն փոխել էի։ Հայկական ասացվածքը, որը, ի դեպ իր մեջ ներառում է հայկական հասարակության գոյության դարավոր փորձն ու իմաստությունը, ասում է. «Լեզու ունես, քաշիր հետևդ»։ Մեկ այլ ասացվածք ևս. «Խոսացողի գլուխը ծակ է», էլ չեմ ասում «գլուխը քոր գալու» մասին։
Այնպես, որ։)) Բայց թե խնդիրը հո չի վերանում, այն մնում է, փոխվում է միայն վերաբերմունքը դրա նկատմամբ ու խնդրի ընկալման դիտանկյունը։
Մարատ

Tuesday, March 2, 2010

Տաղաչափությունն ու տղաս` Դավիթը

Ընտանիքիս մասին դեռ առիթներ կունենամ գրելու ու առանձին շարքով: Բայց հիմա մի փոքր, թե ինչքան հետաքրքիր է փոքրերի հետ։ Տղաս, Դավիթը, որը դեռ 5 տարեկան էլ չկա, երկու քառատող էր սովորում, մանկապարտեզում էին տվել ինչ-որ գարնան տոնին նվիրված հանդեսին պատրաստվելու համար։ Քառատողերը մեծ չէին, յուրաքանչյուր տողում երկու բառ, այսինքն ընդհանուր առմամբ 16 բառանոց բանաստեղծություն էր։ Տղաս շատ արագ երեկոյան սովորեց, չափազանց պարտաճանաչ է նա, գերմանական կարգապահությամբ։
Առավոտյան, երբ արնթացանք, նա, իր իսկ նախաձեռնությամբ նորից ստիպեց մեզ ստուգել, թե արդյոք ճիշտ է հիշում ամեն ինչ։ Իսկ երբ սկսեց արտասանել, միջամտեց կինս, թե ո՞նց ես արտասանում, առանց առոգանության։ Ու սկսել առոգանություն մտցնել Դավիթի միատոն բառաշարքում։

Monday, March 1, 2010

Ինչ կապ ունեն կոշիկները բանկերի հետ

Առավոտյան գործի գնալիս ավտոբուսի կանգառն այնպիսին է, որ իջնում եմ խմբագրությունից մի փոքր հեռու ու քայլում դեպի խմբագրություն։ Ճանապարհը Հայաստանում ճանաչված բանկերից մեկի նորաբաց գրասենյակի մոտով է։ Իսկ քանի որ այդ ամենը տեղի է ունենում առավոտյան, ապա բանկի մուտքի մոտ սովորաբար հավաքված են աշխատակիցներն ու առավոտյան սուրճն են վայելում, ծխախոտի հետ։ Պարզ է, որ բացառապես տղամարդիկ են։ Անկախ քեզանից ուշադրություն ես դարձնում նրանց վրա, բազմամարդությունն աչքի է ընկնում։

«Գյալաջին» ու արաբագիտությունը

Այս շաբաթ օրն էլ էր աշխատանքային, կրկին համալսարանում։ Աշխատանքային էր ու արդյունավետ. արդյունավետ, որովհետև ստացվեց ավարտել այն, ինչ նախատեսել էի ավարտել այդ օրվա ընթացքում։ Իհարկե, որակի մասին չեմ խոսում, որակի մասին կխոսեմ որոշ ժամանակ անց, երբ ստանամ արձագանքները։ Արդյունավետ էր նաև նրա համար, որ հաջողվեց մի փոքր «գյալաջի» անել (տերմինը իմը չէ)։ «Գյալաջին» արաբագետների մոտ ընդունված սովորական աշխատանքային իրավիճակ է, ու շատ հետաքրքիր, քանի որ աշխատանքային ու ստեղծագործական իրական բավարարվածություն է պարգևում։