Wednesday, July 28, 2010

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Այս գրառումը շաբաթներ առաջ զետեղել էի Facebook-յան էջումս` կարծիք արտահայտելով օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ: Քանի որ բլոգում ընթերցողների լսարանը կազմությամբ այլ է, ապա կարծում եմ, որ գրառումը կարելի է «վերաpostել», մանավանդ որ խնդիրն առ այսօր նշանակալի է և զբաղեցնում է հայ հանրության միտքը։

Դպրոցների վերաբացման խնդիրն է ճախրում օդում, օտարալեզու դպրոցներինը: Բանավիճում են բոլորն անխտիր, անգամ տարրական դպրոցական կրթություն չունեցող ու դպրոց բառի բուն նշանակությունը միայն մասամբ ըմբռնող անձինք: Ինչպես և վայել է «բարձր տեխնոլոգիաները պետական գերակայություն հռչակած» պետության քաղաքացուն, այս հետզհետե սրացող դիմակայության մասին իմացա facebook-ից:

Սկզբից մի քիչ անտարբեր էի, որովհետև, անկեղծ ասած, չէի հասկանում խնդրի բուն էությունը և կարծում, որ կառավարության յուրաքանչյուր նախաձեռնությանը դեմ արտահայտվելու արմատացած ավանդույթի հերթական դրսևորումն է, բայց, սխալվում են նաև հայկ զարգարյանները, և բանից պարզվում է, որ խնդիրն իրոք հրատապ է և հղի աղետալի հետևանքներով:
Ինչ վնաս կլինի ՀՀ-ին, եթե մեր երկրում վերաբացվեն օտարալեզու դպրոցները, հարցնում են դրանց վերաբացման ջերմեռանդ կողմնակիցներն ու սկսում համոզել, որ դրանից կշահեն միայն ապագա ուսանողները, քանզի այսօրվա գիտական ողջ գրականությունն անգլերեն է, կամ էլ գոնե թարգմանված է ռուսերեն: Այսպես, դեռևս դպրոցում նրանք կզինվեն այդքան անհրաժեշտ լեզվական հմտություններով, որը մնացյալ գիտելիքի ինքնատիպ բանալին է, կդառնան մրցունակ միջազգային շուկայում, մրցունակ կդառնան նաև նրանց «Բոլոնյան դիպլոմները» և այսպես շարունակ:
Եվ իրոք, ճշմարտության զգալի բաժին կա այս խոսքերում, որը հերքել կնշանակի նմանվել հայ ազգի գենի բացառիկությամբ ու վեհությամբ հիացող, իրականության վրա աչք փակող ամբոխի վառ ներկայացուցչի: Ցավալի է այն, որ վերաբացմանը դեմ հանրության հիմնական մասը հակափաստարկելիս հենց այս դիրքերն է ընդունում որպես ելակետ` իբր մեր լեզուն «հնագույն է և ճկունագույն», չի կարելի այն ստորադասել մեկ այլ լեզվի և այլն: Ինձ համար այդ ամենն ընդամենը զգացմունքային ինչ-որ զեղումներ են, որոնք տեղին են կնունքների կամ էլ բանակի քեֆերի ժամանակ սեղանների շուրջը ծավալվող բանավեճերի շրջանակում, երբ յուրաքանչյուրն արտահայտում է իր տեսակետը որևէ խնդրի շուրջ` հիմնվելով բացառապես սուբյեկտիվ կարծիքի ու զգացմունքների վրա:
Իրականում, հայերենն իր պրակտիկությամբ և գեղեցկությամբ զիջում է թե անգլերենին և թե ռուսերենին: Խոսքը գրաբարի մասին չէ, որը հին աշխարհի ամենաճոխ ու չքնաղ լեզուն էր, այլ մերօրյա իրականությունից կտրված ու դժվարամարս հայերենի, որով, անկեղծ ասենք, բոլորս էլ դժվարանում ենք խոսել առօրյաում: Հայերենն այս լեզուների հետ ոչ մի համեմատության չի դիմանում նաև «գիտական հարմարավետության» առումով, որովհետև հայերեն թարգմանվում է համաշխարհային գիտական մտքի ստեղծածի միայն 0,00001 տոկոսը երևի, ուստի աճող սերունդի` օտար լեզուների իմացությունը «գիտելիքի վրա հիմնված տնտեսություն» ստեղծելու պատասխանատու և բարդ գործում հաջողելու պարտադիր նախապայման է:
Այսպիսով, առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ նորմալ է և կարգին, ու սա կառավարության ամենաառողջ նախաձեռնություններից է, քանզի արդյունքում կստեղծվի միջազգային գիտական հանրությանն ինտեգրված, ժամանակին համընթաց քայլող և առաջադեմ մի երիտասարդություն, որը կդառնա Հայաստանի ապագան կերտողն ու նրա բարօրրությունն իրականություն դարձնողը:
Բայց արի ու տես, որ կրկին գործեց մեր կառավարությունից անպակաս хотели как лучше а получилось как всегда սկզբունքը: Իսկ թե ինչու եմ այդպես կարծում, հանգամանալիորեն կներկայացնեմ ստորև:
Ես ճանաչում եմ բազում անձանց, ընդ որում նրանք ունեն մտավորականի և չափազանց կրթված մարդու համարում, որոնք խորհրդային ռուսապաշտության տարիներին ավարտելով ռուսական թեքումով դպրոցներ, բարձրագույն կրթություն ստանալով ռուսական համալսարաններում, այսօր ամենատգետ կամազ քշողից էլ վատ են խոսում հայերեն:
Դրանից, անկեղծ ասած, այդ մարդիկ ընդհանրապես չեն տուժում, քանզի իրոք խելացի են և իրոք կրթված, ուստի միշտ էլ ջերմ ընդունելություն են գտնում յուրաքանչյուր միջավայրում, որովհետև այսօր մեր երկրում հայերենի փոխարեն ռուսերեն իմանալը կարող է խոչընդոտել միայն հայ բանասիրականում դասախոսի աշխատանք փնտրողին: Սակայն, ինձ միշտ զարմացրել է նրանց անթաքույց նողկանքը հայկական ամենի նկատմամբ`լինի դա կերպարվեստ, գրականություն, երաժշտություն, լեզու, նիստուկաց և այլն:
Թե ինչու են նողկում, դժվար չէ գուշակել: Դեռևս մանուկ տարիքից ներծծելով ռուսական մշակույթն ու ոգին, այնուհետև առնչվելով դրան նաև համալսարանական շրջանում, կյանքի գիտակից առաջին իսկ տարիները, երբ ձևավորվում է անձի աշխարհահայցքն ու նշմարվում նրա հիմնական նախասիրությունները, անցկացնելով ռուսական միջավայրում, այդ անձը դատապարտված է ռուսասեր ապագայի ու մշակութային երկատված բնույթի: Մի մասը նրան կքաշի դեպի ռուսականը, որը դարձել է նրա գիտակցության և կյանքի անբաժան մասն ու սուբստանցիան, մինչդեռ միջավայրը կճնշի նրան հայկական իրականությամբ, և այտեղ կսկսի գործել «օտարը յուրայինների մեջ» սկզբունքը, հայկականը կդառնա տհաճ ու վանող, ժամանակի ընթացքում կծնի միայն ատելություն, իսկ ռուսականը կկանչի ու կթովի ինչպես սիրենաների երգը: Եվ այս մարդուն, ըստ էության, չի կարելի մեղադրել ռուսասեր լինելու համար, որակել հայրենիք ուրացած դավաճան, քանի որ անձը նաև սոցիալական արարած է, ու հասարակական ինստիտուտների ազդեցությամբ նրան կարելի է վերածել ինչի ցանկանաս: Իսկ նա մեղք չունի, որ մանուկ հասակից ընկղմվել է ռուսականի մեջ ու հավետ դարձել դրա գերին:
Նույն իրավիճակն է դիտարկվում նաև երիտասարդության որոշ շրջանների մոտ: Նրանք պատրաստ են սրբազան ակնածանքով համբուրել աղտեղությունը, միայն թե այն մատուցվի արևմտյան փաթեթավորմամբ, իսկ պիտակին գրված լինի Made in West: Սրանք դպրոցում արդեն անցել են Irex-ի Ugrade ֆիլտրով, ուսանողական տարիներին մասնակցել զանազան internship-երի ու նմանատիպ հակահիգիենիկ այլ միջոցառումների, ճաշակել արևմտյան կյանքի քաղցրությունն ու չաշխատելու դիմաց ահագին փող ստանալու գայթակղությունը և դարձել արևմտյան ազատական գաղափարներով համակված, հայկական ամեն ինչից զզվող (քյառթու տղեքից, քյառթու երգերից, քյառթու հարսանիքներից, քյառթու բարեկամներից, քյառթու համալսարանից, քյառթու հայերենից (դրա համար էլ հաճախ facebook-ում երկու հայ իրար անգլերեն են գրում!!!), քյառթու քյառթուներից, քյառթու քաղաքից, քյառթու հագուստից և այլն) սարսափելի առաջադեմ երիտասարդներ:
Պարզելու համար, թե ինչից սկսվեց այս ազգակործան գործընթացը, որն է հասարակության քայքայումը գործարկող ձգանը, պետք է ընդամենը հետ գնալ, ու տեսնել, որ դպրոցը դարձավ ինքնությունը ջնջելու ու խեղելու լաբորատորիան: Որպես հիմնական լեզու ունենալով ռուսերենը, երեխան գրականության մեջ առաջին քայլերը կանի ոչ թե Ղազարոս Աղայանի կամ Թումանյանի, այլ ռուս գրողների հետ: Հասուն տարիքում կսկսի կարդալ ռուս դասականներին, մինչդեռ հայականը կամ կմղվի չորրորդ պլան, կամ էլ ընդհանրապես դուրս կշպրտվի երեխայի կյանքից: Այնուհետև Արամ Խաչատուրյանի և Արմեն Տիգրանյանի փոխարեն կսկսի պաշտել Պրոկոֆև ու Չայկովսկի, Սարյանի գույների փոխարեն կգնահատի Ռեպինի աղոտ պատկերների նուրբ ուրվագծերը, դե իսկ վերջում կդառնա ռուսական/արևտյան (այս նույն շղթան կարելի է կառուցել ռուս արվեստագետների փոխարեն արևմտյանների տեղադրմամբ) մշակույթի կրող:
Հավելեմ, որ օտարալեզու դպրոցներն անմիջապես կդառնան դրամաշնորհների ու միջազգային բարեգործական ծրագրերի ամենասիրելի թիրախը: Հայկական պետական դպրոցներից դրանք կտարբերվեն անթերի կահավորմամբ, որակյալ ուսուցչակազմով, հագեցված կլինեն նորագույն սարքավորումներով, ուստի այնտեղի շրջանավարտներն արդեն օտարության զգացմունք կտածեն հայկական խղճուկ և խարխուլ իրականության նկատմամբ:
Քանի որ Հայաստանում կան թե ռուսական և թե ամերիկյան (ՀԱՀ-ը, վստահ եմ, այս որոշումից հետո բակալավրիատ էլ կբացի) համալսարաններ, հայ պատանու վերամշակումը կշարունակվի նաև բուհ-ում, և ահա, դեռ 22 տարին չբոլորած ուսանողը կդառնա օտար իր երկրին, նրա մշակույթին, կհամալրի Հայաստանում օտար պետությունների շահերը իրագործողների առանց այն էլ ստվար բանակը (իսկ որ Ռուսաստանի և Արևմուտքի տարածաշրջանային հետաքրքրությունները Հայաստանի ազգային շահերի հետ հազվադեպ են համընկնում, գիտի անգամ իմ կատուն): Այդ դեպքում ինչ անել...
Ասեմ, որ կացությունն իրականում այնքան էլ սարսափելի չէ, որքան փորձում են ներակայցնել ոմանք, իբր ուսանողներն անգլերեն ու ռուսերեն չգիտեն, նրանց համար փակ են գիտելիքի բոլոր շտեմարանների դռները և այլն:
Ինքս դպրոցական տարիներին երբեք չեմ փայլել մտավոր ունակություններով և առանձնահատուկ աշխատասիրությամբ, ինչը կարող են վկայել ընկերներս, բայց արդեն երկրորդ կուրսում ռուսերեն լեզվով կարդում էի Հեգել, Կանտ, Ֆիխտե ու Ֆոյերբախ (գեղարվեստական գրականության մասին էլ չեմ խոսում), որոնց հասկանալու համար, ի լրումն ամեն ինչին, պետք է նաև ռուսերենի լավ իմացություն: Կարդում էի նաև Սամյուել Հանթինգտոն, սակայն արդեն անգլերենով, որը նույնպես, հավատացեք, բավական բարդ ու խճճված բաների մասին է գրում: Ուզում եմ ասել, որ ռուսերեն ու անգլերեն չիմացող ուսանողի դատարկ գլխի պատճառը ոչ թե դպրոցական կրթության մատուցման ցածր որակն է (այն ցածր է, բայց ոչ այդ աստիճան), այլ հենց այդ վերոհիշյալ գլխի դատարկությունը, և օտարալեզու դպրոցների բացմամբ խնդիրը ոչ թե կլուծվի, այլ կխորանա, քանզի քիչ թե շատ լիքը գլխով երեխաները սլացիկ շարքերով կուղղվեն դեպի այդ դպրոցներ:
Կա նաև մեկ այլ ելք: Այսօր միլիոնավոր դոլարներ են ներդվում սպորտի ոլորտը զարգացնելու, այնտեղ համաշխարհային հնչեղության հաջողություններ արձանագրելու գերնպատակն իրագործելու համար: Իհարկե մարզական հաջողություններն ինքնին շատ լավ բաներ են, քանզի մի քանի րոպեում երջանիկ են դարձնում մի ողջ ազգ: Սակայն այդ երջանկությունն անցնում է, իսկ Նազիկ Ավդալյանի ոսկե մեդալով փոր չես լցնի, ուստիև կրկին վերադարձ նախկին կիսասոված գոյությանը:
Սրանից ուղիղ 16 դար առաջ, մի խումբ նվիրյալներ հայերից հանճարեղագույնի գլխավորությամբ ձեռնամուխ եղան համաշխարհային մտքի ողջ ստեղծածն ու կուտակածը հայ ազգին հասու դարձնելու գործընթացին: Առանց Ինտերնետի, առանց ԳԱԱ-ի, առանց զանազան բառարանների և այլնի մի խումբ երիտասարդներ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ կարողացան մի քանի տասնամյակում հայությանը փոխանցել այն ամենը, ինչ դարերի ընթացքում, ստեղծել էին հարյուրավոր պայծառ ուղեղներ:
Կարծում եմ, դրա շնորհիվ մենք ունեցանք ոսկեդար, դարձանք գիտնական ու մշակութային ժողովուրդ, կարողացանք մաքառել դարեր տևած աղետների դեմ: Ըստ իս, այսօր հայ ազգը կանգնած է համանման մեկ այլ խնդրի առջև, քանզի բացառությամբ հատուկենտ դեպքերի, համաշխարհային գրական ժառանգության թարգմանությունը Հայաստանում կանգ է առել` առանց վերագործարկման որևէ հեռանկարի: Ինֆորմացիոն դարաշրջանում մենք դարձել ենք կույր և խուլ, ինչի վկայությունն է ԵՊՀ գրադարանի դասագրքերի հրատարակման տարեթիվը, իսկ բովանդակության մասին էլ չեմ խոսում: Ժողինստիտուտում ուսանողները տնտեսագիտություն են ուսումնասիրում որպես հիմնադրույթ ընդունելով մարքսիստական տեսությունը, մինչդեռ պատուհանից այն կողմ ազատ շուկայական հարաբերություններ են:
Չեք կարծում, որ ավելի նպատակահարմար կլիներ այդ միլիոններն ուղղել ոչ թե սպորտի զարգացմանն ու խթանմանը (ես սպորտի նկատմամբ օրգանակն զզվանք ունեմ (բացառությամբ շախմատ և բասկետբոլ), սակայն այս տողերի պատճառն այդ զզվանքը չէ), այլ հայ ազգին այսօրվա հումանիտար մտքի և բնական գիտությունների նվաճումներին հաղորդակից դարձնելու նպատակի իրականացմանը:
Իհարկե, սպորտը ժողովրդին թմրեցնելու օփիումային նշանակություն ունի, քանի որ մի պահ օգնում է մոռանալ դատարկ ստամոքսի և առանց փոփոխությունների որևէ հեռանկարի տաժանակիր կյանքի փաստերը, բացի այդ, քաղաքական կշիռ ու հեղինակություն է ստեղծում դրա հովանավորի համար, պսակում նրան բարեգործի դափնիներով: Մինչդեռ թարգմանչական գործը հովանավորելու հանգամանքը երբեք չի կարող դառնալ օգտակար քվեաթերթիկ կամ էլ բարձր հեղինակություն, քանզի ենթադրում է տարիների ծանրագույն աշխատանք, որի պտուղները միայն տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակ անց կարելի է վայելել: Այդ միլիոնվոր դոլարներից կշահեր համայն հայությունն ու ապագա սերունդները, մինչդեռ հովանավոր օլիգարխը ոչ մի նյութական օգուտ իր կյանքի ընթացքում չէր ունենա, չէր արժանանա ծննդյան շնորհավորհանքների ուղիղ եթերից, իսկ ոսկե մեդալները չէին ներկայացնի որպես նվեր նրա ծննդայն տարեդարձին, չէր երևա հեղինակավոր մրցաշարերի բեմահարթակներին, ներողամիտ և հովանավորող դեմքով չէր սեղմի ազգային հերոսի կարգավիճակ ունեցող մարզիկների ձեռքերը: Փոխարենը կանմահանար պատմության էջերին, կարժանանար իր ժամանակակից մտածող մարդկանց և գալիք սերունդների օրհնանքին ու շնորհակալությունը, տասնամյակներ անց կստանար հայ միտքը վերակենդանացնողի տիտղոսը, բայց... Բայց սպորտը կարևոր բան է, քանզի առողջ հոգի ունենալու համար պետք է առողջ մարմին:

Մայիսի 3, լուսադեմ, Հայկ


-

No comments:

Post a Comment

Post a Comment