Monday, June 14, 2010

Խիզախության մասին կամ կեցցեն «հոգով արի» մարդիկ

Ինչպես գրում էի, վերջին շաբաթը լի էր իրադարձություններով, տարատեսակ իրադարձություններով։ Դրանք միայն միմյանց հաջորդող դեպքեր չէին, դրանք նաև իրավիճակներ էին, որոնք թույլ էին տալիս ստուգել կամ հասկանալ կամ տեսնել, թե ինչպիսին են մարդիկ, տարբեր մարդիկ, տարբեր իրավիճակներում։ Այս առումով շաբաթը շատ բան բերեց իր հետ, բերեց իմ համար, բերեց նաև տնեցիների համար։ Իրադարձություններից շատերը բարեհաջող ավարտվեցին, մի քանիսը նոր-նոր սկսվում են։ Բայց գրել ուզում եմ իրադարձություններին ադեկվատ արձագանքի հնարավորության մասին, կամ նրա մասին, ինչ ես ադեկվատ կամ ոչ ադեկվատ եմ ընկալում։

Մինչ սկսելը, նախերգանքը, որի առկայության դեպքում միայն հաջորդող տեքստը իմաստ կունենա։ Արական կամ «մասկուլին» հասարակության մասին լսել եք երևի, իմ ուշադրությունը ֆենոմենի վրա հրավիրեց Տ.Մաթոսյանը, «Կապիտալ»-ում իր հրապարակումներով, ինչի համար շնորհակալ եմ։ Հայաստանի համար ես նախընտրում եմ «տղամարդկային» բառը, այն, որպես տերմին կամ անվանում, ավելի շուտ է հասկացվում։ Ինչքան էլ լիբերալ լինեն մեզանից (հայ տղամարդկանցից) շատերը, նրանք հոգու ամենախորքում «մասկուլին» կամ «տղամարդկային» են։ Նրանցից շատերի արարքները շատ հաճախ մասկուլին կամ տղամարդկային չեն, բայց հակառակ սեռի ու ընտանիքի նկատմամբ նրանց պահանջները հիմնականում մասկուլին են։ Բացառություններ շատ չեմ ճանաչում, ներառյալ ինձ։

Սրա հետ մեկտեղ, ընտանիքի մասին ավանդական, մասկուլին պատկերացումները շատ հեռու են իրականությունից։ Ոչ միայն քաղաքներում, այլև փոքր գյուղերում, ավանդական գյուղերում։ Պատճառները կամ խթանող գործոնները շատ են։ Կանայք շատ արագ ինտեգրվում են կյանքի բոլոր, մինչ այս «տղամարդկային» վերապահվող ոլորտներում։ Տղամարդիկ երբեմն դժվար են կողմոնորշվում, ինչ պիտի անեն իրենք։

Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է այստեղից։ Կանանց ու տղամարդկանց դերի մասին պատկերացումները պարզապես «չեն հասցնում» փոփոխությունների հետևից։ Գիտակցումն երբեմն շատ ավելի ուշ է գալիս, երբ իրականությունն արդեն իրականություն է երկար ժամանակ։ Եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք մեզ, մեր ընտանիքներին, շրջապատին, այս ամենը ջրի երեսին է, պարզապես պիտի ցանկանալ տեսնել դա ու ըստ դրա շատ բաներ վերաիմաստավորել ընտանիքում։

Այսքանից հետո սկսեմ։ Նախ, որոշ ժամանակով ես անհետանում եմ տնեցիների ու հայաստանյան առօրյայից։ Հայաստանյանը այս պահին կարևոր չէ, տնեցիներն ավելի կարևոր են։ Անհետացումը տպավորվեց մի քանի իրավիճակով։

Դավիթին, անհետանալուց առաջ, իրիկունը, քնելուց առաջ, երբ մենք ավանդաբար զրուցում ենք օրվա անցուդարձի մասին, փորձեցի նախապատրաստել, որ ինձ մի քանի շաբաթ չի տեսնելու։ Հետո, չգիտես ինչու, երևի նրան ոգևորելու համար, ասացի, թե տան միակ տղամարդը դու ես մնալու, ուրեմն մամայի ու քրոջդ մասին դու պիտի հոգ տանես։ Արձագանքը պարզապես զարմացրեց ինձ։ Նա միանգամից լրջացավ, առանց մի քանի վայրկյան կորցնելու, ինչ-որ նոր ու չափազանց լուրջ ու վստահ տոնով պատասխանեց՝ հա պապ ջան։ Հետո, մի քանի վայրկյան անց շարունակեց՝ հիմա արագ քնեմ, վաղը շատ հաց ուտեմ որ արագ մեծանամ ու ուժեղանամ, ուժեղ լինեմ, ոչ մի բանից չվախենամ, որ պաշտպանեմ։

Նա միանգամից գիտակցեց պատասխանատվության չափը, որ դրվում էր նրա «ուսիկներին»։ Հետո ես փոշմանեցի, որ նրան այդպիսի բան ասացի, բայց հետո ուրախացա, որ 5 տարեկանում նա գիտակցում է, թե ինչ է նշանակելու պատասխանատու լինել։ Սա վերբալ գիտակցում էր, արարքներով նույնպես, բայց վերբալն այս դեպքում ավելի կարևոր էր։ Դավիթն այս դեպքում խիզախ էր, հոգով խիզախ, որ համաձայնեց վերցնել նման «պատասխանատվություն», բայց նույնքան արի, նույնքան քաջ չէր։ Արագ ընկճվեց, երևի զգաց, որ իր ուսերի վրա շատ ծանր բեռ է դրվում, ինքը դեռ «պիտի շատ քնի ու շատ ուտի, որ մի քիչ մեծանա, որ չվախենա»։

Դե, իհարկե, Դավիթի ուսերին ոչ ոք ոչ մի բան չի թողնում, իսկ հոգու արիություն դաստիարակելը դժվար է լինելու։ Դա վիճակ է, որը իրոք քաջ մարդկանց է բնորոշ։ Շատ կուզենամ, որ Դավիթը ժամանակի ընթացքում արիանա։ Նա խիզախ է պատասխանատվություն ստանձնելու համար, բայց բավարար արի չէ, կամ վստահ չէ սեփական ուժերի վրա, որ կկարողանա իր խիզախությունը կրել։ Չնայած հետո արարքներով, սուս ու փուս այդ ամենը անելու է, լուռ, «ինքն իր դամին ու դրամին»։ Գիտեմ ում է քաշել։) Ուրեմն կեցցե Դավիթի խիզախությունը։

Իսկ արիություն, համ հոգով արի լինել նա հնարավորություն ունի տեսնել։
Ս.Բ.-ն միշտ ասում էր, թե կանայք հսկայական էներգիա ունեն, տղամարդու ֆունկցիան այդ էներգիան միայն «ճիշտ ռելսերի» վրա դնել կարողանալն է։ Չեմ կարող չհամաձայնել նրա հետ։

Շաբաթը ցույց տվեց, չնայած ես արդեն գիտեի, պարզապես մեկ անգամ ևս համոզվեցի, որ ինքս եմ Դավիթի վիճակում՝ երբեմն։ Չնայած հիմնականում։) Արդյունքում հասնում եմ նրան, ինչ ուզում եմ, բայց ընթացքում արիությունս կորցնում եմ։ Այս պահին եմ Ս.Բ.-ի թեզը միշտ հիշում։ Բավական է, որ ընտանիքում լինի ՄԵԿԸ, ով արիությունը երբեք չի կորցնի, կկարողանա սթափ դատել անգամ այն դեպքում, երբ դու ինքդ արդեն սթափ չես։ Կարևոր է նաև, որ այս ամենը չի գիտակցվում «մասկուլին ընտանիքի» հարթությունում։ Ընտանիքը, որ ես «ավանդական մասկուլին» էի պատկերացնում, ցավոք ու ի ուրախություն ինձ «ավանդական» է, բայց արդեն մասկուլին չէ։ Այն նաև «ֆեմինին» չէ, պարզապես այն ընտանիք է, սովորական ու հասարակ, որտեղ կարևոր է «էներգիան փոխադարձաբար ռելսերի վրա դնելու» թեզը։

Ձախ ձեռքի վրա կյանքի գիծ կա, շատերը գիտեն, ով մի փոքր սնահավատ է։ Վերջերս ես շատ եմ սնահավատ, չգիտեմ ու գիտեմ ինչու։ Հայրս այդ գծի մասին պատկերացումներն անվանում է «թեփը թափել կամ պրծնել»։ Արիությունը շատ «թեփ» է պահանջում։ Այն նաև մեծ պատասխանատվություն ու հոգածություն է պահանջում, ամենօրյա հոգածություն, անկախ նրանից, որտեղ ես, ինչ ես անում, հիվանդ ես թե առողջ, «զահլա» ունես թե ոչ։ Ամեն րոպե հոգու արիությունը չկորցնելը հեշտ չէ, հավատացեք։ Ուրեմն կեցցեն «հոգով արի» մարդիկ, նրանց թեփը երբեք չթափի։

Աղջիկս՝ Սոնան, ուրիշ է, հետաքրքիր, զգացմունքներում զուսպ, երևի «զուսպը» ամենատեղին բառն է։ Զուսպը թույլ չի տալիս գրել նրա մասին, չնայած հասկանալն էլ է դժվար։ Նրան միայն սիրել է պետք, գնահատել, երբեմն խրախուսել, շատ-շատ-շատ ավելի հաճախ, քան Դավիթին, հետո իրեն իսկ համոզել, որ կարելի է ուրախանալ նաև սեփական հաջողությունների վրա։ Նրան ձեռքբերումներն արդեն չեն հետաքրքրում, նա դրանց վրա «թքած» ունի, բայց ամեն կերպ ձգտում է այսպիսի ձեռքբերումների, ամեն գնով։ Հետո երևի գինն է թանկ նստում, դրա համար էլ արդյունքը չի ուրախացնում։ Սա էլ է ինձ ծանոթ մեկին հիշեցնում։) Կարևորը ընթացքն է, ու ավարտի առաջին 5-10 րոպեն, ընդամենը։ Ուրեմն կեցցեն զուսպ, որը երբեմն նաև համեստության հոմանիշն է, մարդիկ։

Ինչի եմ գրում այս ամենը, երևի կարոտում եմ նրանց։(

Ուրբաթ ճանապարհին, Մարատ
--

1 comment:

  1. Այս ամենում պակաս կարեվոր չէ նաեվ այդ ամենը տեսնելն ու վերլուծելը: Մենք էլ ենք շատ կարոտում:

    ReplyDelete