Monday, April 19, 2010

Սփյուռքահայ բիզնեսի, մշակույթի ու «Տաշիրի» մասին

Շաբաթվա առաջին կեսին երկիրը հեղեղված է լինելու «Տաշիր 2010» մրցանակաբաշխության մասին հոդվածներով։ Երկրորդ կեսին թեման Ցեղասպանությունն է լինելու։ Երկուսի մասին ես էլ եմ գրելու, որովհետև ոչ թե դրանք մոդայիկ թեմաներ են, այլ որովհետև ես ինքս մի երկու բան եմ ուզում հասկանալ։ Նախ «Տաշիրի» մասին։ Երգիչները, երգերը, կազմակերպվածությունը, մասնակիցները և այլն ինձ չեն հետաքրքրում։ Ինձ ավելի շուտ հետաքրքրում է Հայաստան պետության սահմաններից դուրս, ավելի շուտ սփյուռքահայ համայնքներում մշակութային խոշոր միջոցառումներ կազմակերպելու ֆենոմենը։
Հիշում եք, մի քանի տարի առաջ այդպիսի խոշոր մի մրցանակաբաշխություն կար Լոս Անջելեսում, անունը հիմա չեմ հիշում։ Հիմա էլ չկա։
Իսկ ինչով է այս ամենը հետաքրքիր։
Նախ նրանով, որ այն ցույց է տալիս համայնքի կազմակերպվածության ու ֆինանսական հնարավորությունների որոշակի մի աստիճան, որը թույլ է տալիս մտածել այնպիսի «երկրորդական» գործոնների մասին, ինչպիսին հոգևոր պահանջների բավարարումն է։ Մրցանակաբաշխային միջոցառումները նաև նման բաղադրատարր ունեն։
Մոսկովյան «Տաշիրը» հետաքրքիր է նրանով, որ այն մեկ մարդու նախաձեռնություն է, չնայած համայնքի ֆինանսական հսկայական հնարավորությունների։ Հեռուստատեսությամբ չգիտես ինչու անընդհատ ցույց էին տալիս նաև Ռուբեն Վարդանյանին, ինչ էին ուզում շեշտադրել, այդպես էլ չհասկացա։ Միգուցե մոսկովյան հայության հզորությունն էին ուզում շեշտադրել։ Հայաստանյան հայտնի մի քանի դեմքեր ևս երևացին։ Բայց դա էլ կարևոր չէ։
Ինձ ավելի շուտ հետաքրքիր էր մոտեցումը՝ անպայմանորեն հայտնի ռուս քաղաքական, հասարակական, մշակութային ու այլ գործիչներ «բեմ հանելու» մոլուցքը։ Հենց նրանք պիտի գնահատեին կամ շնորհեին մրցանակները՝ այլ կերպ՝ պարգևները։
Ինչ որ ստրկամտություն է հիշեցնում, ուրիշի, հայտնի ուրիշի միջոցով իրեն ավելի հզոր ցույց տալու ձգտում։ Ինչքան հայտնի մարդ ես հավաքեմ, այնքան հայտնի ես կթվամ ուրիշների աչքին։ Հիշում եք երևի, թե մինչև Պապ թագավորը ինչպես ու ում կողմից էին օծվում, ասել է թե լեգիտիմացվում հայ կաթողիկոսները։ Նույնն տրամաբանությունն է այստեղ։
Բայց ամենազարմանալին Ժիրինովսկին էր։
Նա այս մրցանակաբաշխության մշտական հյուրն է, ինչքան ես հիշում եմ։ Ելույթի թեման նույնպես նույնն էր՝ «բազմաչարչար, բազմատառապ, բայց բազմավաստակ ու գովասանքի արժանի հայ ժողովուրդ՝ տառապած, փառապանծ» ու այսպես շարունակ։ Ով ով, բայց գոնե հայ բիզնեսը, դրսում սեփական ուղի հարթող բիզնեսը շատ ավելի պրագմատիկ պիտի լիներ ու է, կարծում եմ։ Չեմ կասկածում, որ դահլիճում նստած շատերը հասկանում էին, որ դա փուչ է, անիմաստ, դատարկ։ Սակայն չեմ հասկանում, ինչի համար է դա պետք մեզ, ձեզ, Ռուբեն Վարդանյանին, Սամվել Կարապետյանին ու մյուսներին։ Միթե մեզ համար ավելի կարևոր է, թե ինչ կասի մեր մասին, կամ ինչ կմտածի մեր մասին մեր մեծ ռուս եղբայրը, այն էլ Ժիրինովսկիի կերպարով։ Թե ավելի կարևոր խնդիրներ կան նույն Տաշիրում՝ մարզում նկատի ունեմ։
Ի՞նչն է ավելի կարևոր, Ժիրինովսկիին «խոսեցնել», թե՞ ինչ-որ մի բան ձեռնարկել երկրում։ Ե՞րբ ենք վերջապես մենք մեզ մեր երկում տիրոջ, հողի, երկրի տիրոջ պես պահելու։ Խոսքը գռփող տիրոջ մասին չէ, այլ աշխատող, վաստակող, ստեղծագործ ու արարող տիրոջ մասին։ Ժիրինովսկի ինձ պետք չէ հասկանալու համար, որ ես կարող եմ ստեղծել, արժեք ստեղծել՝ լավ, վատ, արժեքավոր, անարժեք արժեք ստեղծել։
Կարծում եմ, ավելի լավ է պայմաններ ապահովել Սամվել Կարապետյաններ, Ռուբեն Վարդանյաններ, ու շատ-շատեր Հայաստանում աճեցնելու մասին, քան ամեն կերպ նրանց ու շատ շատերին երկրից դուրս վանել։
Ես կնախընտրեի մրցանակաբաշխություն Տաշիրում, քան «Տաշիր 2010»՝ հիմա Մոսկվայում, հետո Դուբայում, միգուցե Պեկինում, իսկ հետո ...
Երկուշաբթի իրիկուն, Մարատ

No comments:

Post a Comment